Էլեկտրաէներգիայի արտադրության 6.4%-ով նվազումն արտագաղթի և արդյունաբերական արտադրության նվազման հետևանք է. Արմեն Մանվելյան
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներով 2024 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերությունն աճել է 21 %-ով, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.4%-ով։ Դասական տնտեսագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ եթե արդյունաբերությունն աճում է, ապա անպայմանորեն պետք է աճի նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սա էլ այն դեպքում, երբ տնտեսական ակտիվությունն էլ աճել է 10.5 %-ով։
Վիճակագրական տվյալների նման հակասությունը պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին։
«Եթե պետության արդյունաբերությունն աճում է, ապա պետք է էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ աճի։ Չի կարող 6.4 % էլեկտրաէներգիայի արտադրության անկում լինի և այն զուգորդվի արդյունաբերության նման աճով։ Պատք է հասկանալ, թե վիճակագրությամբ ներկայացվող «Արդյունաբերության աճ» ասելով ինչ են հասկանում, որովհետև Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված դարձել է ռեէքսպորտի երկիր։ Այսինքը, մենք որոշակի ապրանքներ ենք ներմուծում դրսից, այստեղ վերաձևակերպում ենք որպես հայկական արտադրանք և վերաարտահանում ենք Ռուսաստան։ Նույնը նաև ոսկին ՌԴ-ից բերում են Հայաստան, իբր վերածում են զարդերի և արտահանվում է։ Հնարավոր է թղթի վրա արդյունաբերության աճի տեմպ է երևում, որն իրական հողի վրա արդյունաբերության իրական աճի հետ որևէ աղերս չունի։ Չի կարող այդպիսի բան լինի, որ արդյունաբերության աճի պայմաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն անկի։
Էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը հիմնականում պայմանավորված է պահանջարկի նվազմամբ։ 6.4 %-ով էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազման տարբեր պատճառներ կարող են լինել՝ և՛արդյունաբերության նվազում, և՛ երկրից բնակչության դուրս գալը։ Օրինակ, մեր շենքում, որտեղ բնակվում եմ, շատ են հարևանները, որոնք դուռը փակել գնացել են, այլևս էլեկտրաէներգիա չեն սպառում, հետևաբար՝ չի էլ արտադրվում։ Այն արտագաղթի և արդյունաբերական ապրանքների արտադրության նվազման հետևանք է»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան