Պետական կառավարման համակարգը գրավիչ չէ. Պապոյան
«Այո, կրկնում եմ, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս կարևոր չէ, շատ պատասխանատու պաշտոն է։ Ըստ էության, ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը, հանրային ծառայությունը այս փուլում պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար, ու ես այդ որոշումը ընդունել եմ ի գիտություն և պատասխանատվությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է իր թեկնածության վրա ստիպված են կանգ առել, քանի որ այլ հարմար թեկնածու իշխանությունը չունի, Բաբկեն Թունյանին էլ առաջարկել են, հրաժարվել է, նա պատասխանեց. «Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»։
Նա նշեց, որ անկեղծ կլինի ու կասի՝ պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ. «Այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ: Ես նկատի չունեմ միայն նախարարին կամ պատգամավորին, փորձագետից սկսած բոլորի համար պետական կառավարման համակարգը գրավիչ չէ:
Ընդ որում, հարցը միայն աշխատավարձը չէ, ամեն մարդ չէ, որ պատրաստ է, որ իրեն քննադատեն, քննարկեն, ոչ հաճելի հարցեր տան: Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք կարող են լինել լավ նախարար, լավ փոխնախարար, շատ լավ վարչության պետ, բայց իրենք չեն գա: Պատասխանատվությունը մեծ է»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար