Ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում
«Ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում, որը կլինի ԱՄՆ-ում տեսանելի Արեգակի վերջին ամբողջական խավարումը առաջիկա 2 տասնամյակի ընթացքում՝ հաջորդը 2042 թվականի ապրիլի 20-ին»,-այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ հայտնել է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն ԱզիզյանըԼ
Վկայակոչելով NASA-ի տվյալները՝ Ազիզյանը նշում է, որ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում: Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի։
«Հաշվի առնելով այն փաստը, որ եղանակը հաճախ խանգարում է նրանց, ովքեր սիրում են դիտել նման աստղագիտական երևույթներ, Delta Airlines ընկերությունն առաջարկել է հատուկ թռիչքային երթուղի, որը ուղևորներին կտեղափոխի ուղիղ դեպի ապրիլին սպասվող արևի ամբողջական խավարման կենտրոն և թույլ կտա դիտել այդ հազվագյուտ իրադարձության գագաթնակետը:
Ավիաընկերությունը հայտարարել է, Օսթին (Տեխասի նահանգ)–Դեթրոյթ(Միչիգան) երթուղին, որը կանցնի արևի ամբողջական խավարման ճանապարհով՝ ուղևորներին հնարավորություն տալով դիտել այդ երևույթը օդից։ Ինքնաթիռը կմեկնի երկուշաբթի օրը՝ ապրիլի 8-ին արևելյան ժամանակով ժամը 13:15-ին և վայրէջք կկատարի արևելյան ժամանակով 16:20-ին մինչդեռ ակնկալվում է, որ խավարումը կսկսվի 14:58-ին և կհասնի առավելագույնի արևելյան ժամանակով մոտ 15:14-ին Դեթրոյթում: Բացի թռիչքի ժամանակացույցի ընտրությունից՝ այնպես, որ այն հատի Լուսնի Արեգակի սկավառակի ակնհայտ ամբողջական փակման հետագիծը, ավիաընկերությունը թռիչքի համար կտրամադրի Airbus A220-300 ինքնաթիռ, որը հագեցած է շատ մեծ պատուհաններով:
Ի՞նչ ազդեցություն է ունենում Արեգակի խավարումը։ Ամբողջական խավարման պահին, այն դիտարկվող կետում, օդի ջերմաստիճանը իջնում է, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան 10 °C-ով՝ համեմատած խավարմանը նախորդող ժամանակի հետ։ Ջերմաստիճանի նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել ամպերի առաջացման կամ անհետացման և քամու արագության կտրուկ փոփոխության։
Կենդանիներն ու բույսերը նույնպես արձագանքում են արևի խավարմանը, որպես կանոն, նրանք Արեգակի ամբողջական խավարման փուլի սկիզբն ընկալում են որպես գիշերվա սկիզբ: Օրինակ, մինչև ամբողջական փուլը, ցերեկային թռչունները կտրուկ դադարում են երգել և սկսում են վերադառնալ իրենց բները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընկնում են գետնին, մինչդեռ չղջիկները և բուերն ավելի ակտիվ են դառնում: Կենդանիները զգում են անհանգստություն»,-մանրամասնել է ՊՈԱԿ-ի տնօրենը։