Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը հաղթահարած մասնակիցները կմեկնեն Լեհաստան
Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը։ Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շնորհիվ։
Գործակալության փոխանցմամբ, հաղթող թիմի անդամները՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Նարե Նիկողոսյանը և Լուսինե Վարդանյանը, ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթն ասել է. «Ես հատկապես ուրախ եմ տեսնել, որ եզրափակչի բոլոր մասնակիցները կանայք են։ Շնորհավորում եմ բոլորիդ: Հաջողություն եմ մաղթում հատկապես հաղթողներին, որոնք առաջիկայում կմասնակցեն միջազգային եզրափակիչ փուլին՝ Լեհաստանում»։
Բրաուն Մոսթեն մրցույթի նպատակն է՝ ներգրավել իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին փորձարարական ուսուցման մեջ և զարգացնել հարցազրույց վարելու նրանց հմտությունները՝ օգնելով ձևավորել իրավաբան-վստահորդ արդյունավետ հարաբերություններ:
Մրցույթը ուսանողներին զինում է գործնական հմտություններով՝ նախապատրաստելու նրանց մուտքն աշխատաշուկա։
«Հրաշալի և թիրախային ընտրություն է եղել իրավաբանական խորհրդատվության հենց այս մրցույթը ներմուծել Հայաստան: Մասնակիցների համար սա շատ պարտավորեցնող է, քանի որ իրենք այս մրցույթի ծիծեռնակներն էին, և, դատելով ժյուրիի անդամների արձագանքից, թե ինչ բարդ ընտրության առաջ էին կանգնել, իմ համոզմամբ, ուսանողները հաջողել են: Իրենց տեսական գիտելիքի համար սա լուրջ փորձություն էր պրակտիկայում դրսևորելու համար»,-ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
Ուսանողներին գնահատել է իրավաբաններից և հոգեբաններից բաղկացած հանձնաժողովը՝ հաշվի առնելով վստահորդի դեր կատարող անձի հետ արդյունավետ աշխատելու նրանց կարողությունները:
Մրցույթի առաջին ազգային փուլին մասնակցել է 4 թիմ՝ Հայաստանի Եվրոպական համալսարանից և Հայաստանում ֆրանսիական համալսարանից։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը, որպես մրցույթի ազգային համակարգող, ֆինանսավորում և իրականացնում է մրցույթի ազգային փուլը։ Ծրագիրը նաև ֆինանսական և տեխնիկական աջակցություն կտրամադրի՝ ապահովելու հաղթած թիմի մասնակցությունը մրցույթի միջազգային փուլին, որն անցկացվելու է 2024 թ․-ի ապրիլի 10-13-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում։