Դատախազություն. Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է դեպքերի 48.4%-ով նվազում
Չնայած գրանցած հաջողություններին՝ բանակում խնդիրները շարունակում են առկա լինել: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը Զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփման ժամանակ։
Այդ համատեքստում նա կարևորել է հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումն ու նախանշել աշխատանքային մի շարք ուղղություններ: Դրանց թվում Սուրեն Պապիկյանն առանձնացրել է պայքարը բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների ու բարքերի դեմ, զորակոչի գործընթացում առկա խնդիրներն օրենսդրական ճանապարհով հաղթահարելը, բանակից ժամանակին խլված կամ այլ ճանապարհներով յուրացված գույքերը բանակին վերադարձնելու անհրաժեշտությունը և այլն:
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2358 դեպք (2022 թվականին՝ 4570): Արձանագրվել է 2212 դեպքով կամ 48.4%-ով նվազում: Դեպքերից 803-ը կամ 33.5%-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66%-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3%-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5%-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)։
2022 թվականի համեմատ՝ պատահարները նվազել են 2071-ով կամ 72%-ով, հանցագործության դեպքերը՝ 141-ով կամ 8.3%-ով, ընդ որում՝ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 181-ով կամ 18%-ով, իսկ այլ հանցագործությունների դեպքերն աճել են` 40-ով կամ 6%-ով:
2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 52 դեպք (2022 թվականին՝ 98). նախորդ տարվա համեմատ՝ նվազում է արձանագրվել 47 դեպքով կամ 48%-ով:
Դատախազության փոխանցմամբ, 2023 թվականին կրկնապատկվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը. 2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 485 քրեական գործ (վարույթ)՝ 571 անձի վերաբերյալ։
2023 թվականին, ընդհանուր առմամբ, 496 քրեական գործ՝ 578 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2022 թվականին՝ 320 գործ՝ 407 անձի վերաբերյալ):
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2023 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 մլրդ 62 մլն 243 հազար դրամ, որից 4 մլրդ 923 մլն 576 հազար դրամն արձանագրվել է Պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, իսկ 138 մլն 667 հազար դրամը՝ կայազորների զինվորական դատախազությունների կողմից:
Պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված 4 մլրդ 923 մլն 576 հազար դրամից 2 մլրդ 818 մլն 484 հազար դրամ վնասն արձանագրվել է 45 տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքերով:
2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամ վնասը (2 մլրդ 444 մլն 517 հազար դրամը՝ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, իսկ 37 մլն 936 հազար դրամը՝ կայազորների զինվորական դատախազությունների կողմից):
Վերոնշյալ 2 մլրդ 444 մլն 517 հազար դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի):
2023 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշն աճել է 27.2%-ով՝ 531 մլն դրամով:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության համապատասխան վարչությանը հանձնարարել Է փոփոխել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2017 թվականի հունվարի 24-ի N 1 կարգադրությունը և զինվորական ոլորտում պետական շահերի պաշտպանության ուղղությունները սահմանել ավելի կոնկրետ և թիրախային: