Ինչ գործիքակազմ է կիրառվում խաղադրույքների այս խայտառակ՝ 4.2 տրիլիոն դրամի հետ. Թագուհի Թովմասյան
«Այս ընթացքում խաղամոլության դեմ պայքարի մասին շատ են եղել օրենքի նախագծեր, բայց ցուցանիշները հակառակն են»,-ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագիծը զեկուցող ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին խնդրեց ներկայացնել, բոլոր հիմնավորումները, որոնք ՊԵԿ-ը վերլուծել է և կարծում է, որ իրավիճակը որոշակիորեն կթեթևացնի։
«Բուքմեյքերական ընկերությունների ընդունած խաղադրույքների ծավալը 2017 թվականին եղել է 138.5 մլրդ դրամ, 2018-ին՝ 233.6 մլր դրամ. 2019 թ.-ին ՝ 1.1 տրիլիոն դրամ, 2020 թ.-ին մոտ 2 տրիլիոն դրամ, 2021թ-ին 3.9 տրիլիոն դրամ, իսկ 2022 թվականը հատել է 4.2 տրիլիոնը։ Այսինքը, ինչքան ԱԺ է բերվում օրինագիծ խաղամոլությունը զսպելու համար, այնքան Հայաստանում շեշտակի աճել է խաղադրույքների թիվը»,-հայտարարեց Թովմասյանը և հավելեց. «Խնդրում եմ ներկայացնել, թե ինչ գործիքակազմ է կիրառվում այս խայտառակ թվերի հետ, որպեսզի հնարավորություն ունենաք նվազեցման ուղղությամբ աշխատելու»։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ հաստատում է պատգամավորի հիշատակած 2021 թվականին կատարված խաղադրուքների թիվը, բայց 2022-ին իր մոտ եղած թիվը տարբերվում է, իսկ 2023 թվականին շատ չնչին նվազում կա։
Բադասյանը ընդգծեց, որ այդ թվերը աճողական խաղադրույքներն են, այսինքը՝ նաև նույն անձի, նույն օրը կատարած խաղադրուքների գումարբ են, իսկ ՊԵԿ-ը իր վերլուծություններն անում է միայն տնտեսվարողների տված վիճակագրության հիման վրա։
Թագուհի Թովմասյանն արձագանքեց՝ ասելով, որ թվերը վերցրել է Ֆինանսների նախարարության կայքից և Բադասյանը պետք է թվերի հետ կապված բոլոր հարցերն այնտեղ ուղղի։
Հարակից հրապարակումներ`
- Նախագծով նախատեսվում է տնտեսվարողի մոտ հարկային հսկողության ընթացքը բացահայտ կերպով տեսաձայնագրել. Ռուստամ Բադասյան
- Փոփոխությունները խաղային գործունեության կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն կապահովեն. Բադասյան