Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ
«Հետքը» գրում է․
«2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։
Սահմանափակումները համատեղ ներդրել են Ֆինանսների նախարարությունը, Առևտրի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նավալնիի մահվան կապակցությամբ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցրել «ռուսական կառավարության երեք պաշտոնյաների մասով»։
ԱՄՆ գանձապետարանն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են ռուսական ֆինանսական հատվածի ընկերություններին, Եվրոպայի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերություններին, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցների ռեժիմը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաեւ ռուսական ռազմարդյունաբերությանն առնչվող հարյուրավոր ընկերություններ:
Պատժամիջոցներով ԱՄՆ-ն սահմանափակում է նշված ընկերությունների և անձանց մուտքը ԱՄՆ, ֆինանսական և այլ տարատեսակ գործարքները, տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը և այլն։ Այլ խոսքով՝ «սառեցնում են» կապերը նշված ընկերությունների և անձանց հետ՝ փորձելով սահմանափակել նրանց գործունեությունը, ռուսական ռազմարդյունաբերությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունը և տնտեսապես հարվածել Ռուսաստանին։
Պատժամիջոցների այս նոր փաթեթում է ներառվել նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն (OOO ГЕОПРОМАЙНИНГ):
Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
Հարցին ի պատասխան, թե ինչպես այս պատժամիջոցները կարող են ազդել «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվների վրա, հայաստանյան «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը խնդրեց գրավոր նամակ ուղղել խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։ Հարցման պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։
Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հիշեցնենք, ավելի վաղ ԶՊՄԿ-ն հայտարարեց, որ նախկինում ընկերության իրական շահառու Գլեբ Տրոցենկոն, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է, անցած տարվա հոկտեմբերի 27-ին այլևս չի հանդիսանում իրական շահառու։ Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասը նա օտարել է Սվետլանա Երշովային։
Ավելի վաղ գրել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոց է սահմանել Գլեբ Տրոցենկոյի նկատմամբ։ Ակնհայտ է, բաժնետիրական կազմի փոփոխության նպատակը պատժամիջոցներից խուսափելն էր ու բիզնեսը փրկելու փորձը։
Panorama.am-ն ավելի վաղ գրել էր՝ ուշագրավ է, որ պատժամիջոցների տակ գտնվող Գլեբ Տրոցենկոյին փոխարինում են Սվետլանա Երշովայով, որը հնարավոր է հենց վաղը հայտնվի պատժամիջոցների տակ։
Համացանցում մի փոքր որոնման արդյունքում էլ ակնհայտ է դառնում, որ Սվետլանա Երշովան մշտապես եղել է Տրոցենկոների կորպորացիաներում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է ԶՊՄԿ-ի նոր բաժնետեր Սվետլանա Երշովան
- Պետքարտուղարությունը պատժամիջոց է սահմանել Գլեբ Տրոցենկոյի նկատմամբ, որը հանդիսանում է ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը
- Գեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին
- «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը հայտարարում է արտադրության ամբողջական դադարեցման վտանգի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան