Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա կինը մահացել է
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվար 5–ի պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։
«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,– ասել է զրուցակիցը։
Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25–ին կնոջը հուղարկավորել են։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։
Փրկարարները փլատակներից դուրս էին բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938թ. ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994թ. ծնված Հրանտ Սարգսյանը։
Փլատակներից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987թ. ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970թ. ծնված Գայանե Եղոյանի դիերը:
ՔԿ-ն որոշումներ է կայացրել Ռոզա Նազարյանին, Հրանտ Սարգսյանին, Հայկ Սողոմոնյանին և Գայանե Եղոյանին տուժող ճանաչելու մասին:
ՔԿ-ից հայտնել էին, որ դեռևս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27–րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն հայտնել է Նոր Արեշում ողբերգական պայթյունի նախնական պատճառը
- ՆԳՆ-ն մանրամասններ է ներկայացնում՝ Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունից
- Նոր Արեշում պայթյունի վայրում փլատակներից երկու դի է դուրս բերվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան