Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով կառավարությանը նամակներ էր գրում, բայց չէ՞ր կարող գրել՝ վերահաս արհավիրքի առաջ եք. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իրականության բացահայտման ճանապարհին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը օգտակար է համարում։ Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողոցում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Ն. Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ ասել էր՝ երբ որոշել է առաջադրվել վարչապետի թեկնածու, այդ պահին, իր ասելով, իմացել է վերահաս արհավիրքի մասին։
«Հետևաբար, սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում և վերահաստատում, ավելի ուժեղացնում է այդ գնահատականը։ Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017, 2018 թվականներին, քանի որ դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակին։ Այդ արհավիրքը, որ 2018 թ. հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, ո՞ւմ վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը ու կանգնել Հայաստանի դռան դեմը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ այդ վերահաս արհավիրքի մասին չի տեղեկացվել հայ ժողովուրդը․ «2018 թվականի մայիսին եղել է հեղափոխություն, որոշ ժամանակ է անցել, եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իրադրությունը երկրում էականորեն փոխվել է, ինչո՞ւ հանրությունը կամ կառավարությունը չի հաղորդակցվել»։
Նա այլ հարցադրում արեց. «Մինչև 2018 թվականը վարված բանակությունների մասին ի՞նչ պետական ինստիտուցիոնալ տեղեկատվություն կա։
4 էջ։ Լավ, ենթադրենք, 4 չէ, մի հատ բարակ թղթապանակ։ Այսօր ես պատասխանատու ասում եմ՝ հետագայում, երբ հարց ծագի, թե մեր այս շրջանում ինչ է եղել՝ հանդիպումներ, քննարկումներ, մտքեր, Հայաստանի որևէ իշխանություն խնդիր չի ունենալու իմանալ, թե որտեղ, ով, ինչ է խոսել։
2018թ-ի մայիսի 9-ից սկսած այդ մարդիկ ասել են տալիս են, տալիս են, տարան, տարան, էս արին, էն արին, թող աշխատանքային կարգով գրեին ու տեղեկատվություն տային կառավարությանը, ոչ թե կառավարությանը փորձեին անընդհետ մոլորության մեջ գցել։
Ես մեկ - երկու փորձ արել եմ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել, բայց երբ որպես վարչապետ շփվել եմ, հասկացել եմ, երբ ընդդիմադիր պատգամավոր էի, հարցեր էի տալիս, նույն ձևով էին պատասխանում՝ փորձելով ստեղծել վիրտուալ իրականություն։
Էդ ոնցա՞ Սերժ Սարգսյանը և իր թիմը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ նամակի հետևից գրեր, բայց չէ՞ր կարող գրել՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, ես էլ առաջարկում եմ սա անել։
Այս քննարկումն այն մասին չէ, թե նախկիններն ինչ են արել, ներկաներն ինչ, այս քննարկումը կարևոր է իրադրությունն իր բոլոր նրբություններով հասկանալու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։