Նվարդ Հովսեփյանը 1,5 տարի տնօրեն է, 26 ուսուցիչ ազատման դիմում է գրել. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի ծնողական համայնքը պահանջում է դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը։ Ծնողներն արդեն երկու օր է հավաքվում են դպրոցի մոտ, փորձում հանդիպել տնօրենի հետ, իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ։
Այսօր նրանց դա չհաջողվեց, քանի որ դպրոցի դուռը հսկում են միանգամից մի քանի ոստիկան։ Լրագրողներին նույնպես չթողեցին ներս մտնել՝ նշելով, որ տնօրենը հանդիպման է։
«Երեկ տեղեկացանք, որ դպրոցի երեք փոխտնօրեն միանգամից ազատման դիմում են գրել։ Սակայն մինչ այս, մեկուկես տարվա ընթացքում, որքան ժամանակ որ դպրոցի տնօրենն է տիկին Նվարդը, 26 ուսուցիչ ազատման դիմում են գրել։ Ճիշտ է, իրենք են դիմումները գրել, բայց ստիպված են եղել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշխակերտներից մեկի մայրը։
Երեկ, երբ տեղեկացել են երեք փոխտնօրենների ազատման դիմում գրելու մասին, ծնողները հավաքվել են դպրոցի մոտ։
«Մեզ դիմավորեցին ոստիկանները։ 2 ժամ 40 րոպե սպասել ենք։ Տեսան, որ մենք ավելի համառ ենք, ներս մտանք՝ պարզելու, թե ինչու են դիմում գրել։ Տնօրենը մեր հարցերին նորմալ չպատասխանեց, կիսատ թողեց ու հեռացավ»,- պատմեց ծնողը։
Նա նաև նշեց, որ իր երեխան սովորում է 9-րդ դասարանում. ««Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է տիկին Նվարդը դասավանդեր, սակայն մինչ օրս, կարող են երեխաները, ծնողները հաստատել, ոչ մի դասաժամ չեն արել, ազատ են եղել»։
Մեկ այլ ծնող նշեց, որ տիկին Մանուկյանը, մյուս փոխտնօրններն անձնուրաց ծառայում են դպրոցին։
«Ուր պետք է գնալու եմ, նախարարություն էլ, հասնելու ենք մեր նպատակին»,- ասաց նա՝ հավելելով, որ Արբակիր համայնքում ամենալավ, օրինակելի դպրոցն է եղել, տարբեր վարչական շրջաններից էին բերում այս դպրոց։
Ծնողներին նաև զայրացնում է փաստը, որ դպրոցում 4-5 ոստիկան կա. «Երեխաների մոտ վախի մթնոլորտ է, այս քեզ բան»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
- Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան
- Ն. Զարյանի անվան դպրոցում դասադուլ է. աշակերտները դեմ են չարաշահումներ թույլ տված տնօրենին