Այս պահին քննարկում է գնում փոխտնօրենների հետ, ներքին խնդիրներ են. Ն. Զարյանի անվ. դպրոցի տնօրեն
«Ներքին խնդիրներ են, այս պահին փորձում ենք կարգավորել, արդյունքների ու որոշումներ մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրի Զարյանի անվան 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ երեկ և այսօր դպրոցի ծնողական համայնքը հավաքվել է դպրոցի մոտ՝ պահանջելով պարզաբանում, թե ինչու են միանգամից դպրոցի երեք փոխտնօրեն ազատման դիմում գրել, նաև պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը։
Լրագրողների հարցին, որ ծնողները պնդում են, թե մոտ 30 ուսուցիչ է դուրս եկել դպրոցից տնօրենի հետ աշխատել չկարողանալու պատճառով, Հովսեփյանն ասաց․
«Ես այս դպրոցում 1․5 տարի է ինչ աշխատում եմ։ 30 թիվը մի փոքր չափազանցված է, մի քանի ուսուցիչներ դուրս են եկել՝ դեռ չհասցնելով ինձ հետ աշխատել, որովհետև ես պաշտոնակատար նշանակվել եմ դեռևս հունիս ամսին, որոշ ուսուցիչներ ազատվել են սեպտեմբեր ամսին, որոշ ուսուցիչներ այլ աշխատանքի են անցել՝ ընտրելով բոլորվին այլ բնագավառներ։ Շատերի հետ ունեմ նորմալ աշխատանքային փոխհարաբերություններ։ Այս վիճակը նորմալ չէ, իհարկե, բայց դասապրոցեսը ընթանում է»։
Նա անդրադարձավ նաև մամուլի հրապարակված մի քանի լուրերի ևս. «Երեկ մամուլում տեղեկություն կար Արցախի դրոշի ու փառքի անկյունի հետ կապված, որին ուզում եմ անդրադառնալ։ Իմ պաշտոնավարման օրվանից ես այստեղ Արցախի դրոշ չեմ տեսել, եղել է միայն եռագույնը, կողքին ավելացրել ենք Երևանի դրոշը։
Փառքի անկյուն դպրոցում երբևէ չի եղել, եղել են միայն հերոսների նկարներ, որոնք արդեն մեկ տարի է մեր պատմության կաբինետում են։
Շրջանառվում էր նաև, որ նոր եկած ուսուցիչները անգրագետներ են։ Նշեմ, որ դպրոց ընդունված նոր ուսուցիչների մեծամասնությունը մի քանի ամիս աշխատելով դպրոցում, կամավոր ատեստավորվել է, հավաքելով բարձր միավորներ, ինչը հաճախ չեն հաջողում ամենատարբեր դպրոցներում երկար տարիներ աշխատած այլ ուսուցիչներ»։
Ն. Հովսեփյանը նշեց, որ երեք փոխտնօրեններն ազատման դիմում չեն ստորագրել և իրեն չեն ներկայացրել։
«Դիմումները այն մասին են, որ ազատվեն փոխտնօրենների պարտականություններից՝ շարունակելով մնալ դասղեկ և ուսուցիչ։ Թե ինչու են նրանք ցանկանում ազատվել այդ փոխտնօրենի պարտականություններից, այս պահին քննարկում ենք փոխտնօրենների հետ, փորձում ենք գտնել լուծումներ, որոնք շահավետ կլինեն առաջին հերթին երեխաների համար»,- ասաց տնօրենը։
Նա նաև հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրության վարչության պետն ու տեղակալն էին դպրոցում, լուծումները քննարկման փուլում են։
Ինչ վերաբերում է դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում հայտնաբերված չարաշահումներին, Հովսեփյանն ասաց․ «Վարույթը հարուցվել է, վարույթի արդյունքներն արձանագված չեն, տեսչական մարմնից որևէ որոշում չենք ստացել։ Սպասում ենք վերջնական որոշմանը։ Թող կատարեն ստուգումներ, տեսնեն ինչն է առկա, ինչը չէ։ Իմ եկած օրվանից այստեղ դրամահավաքը վերացել է, մնացած մասով մեկնաբանություն չեմ կարող տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Ազատման դիմում գրած փոխտնօրեններն ասացին՝ կառավարման խնդիր են տեսնում դպրոցի ներսում. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Նվարդ Հովսեփյանը 1,5 տարի տնօրեն է, 26 ուսուցիչ ազատման դիմում է գրել. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
- Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան
- Ն. Զարյանի անվան դպրոցում դասադուլ է. աշակերտները դեմ են չարաշահումներ թույլ տված տնօրենին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան