ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ջոն Կարապետյանը
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը փետրվարի 28-ին ԳԱԱ Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Ջոն Կարապետյանին:
Ջոն Կարապետյանը ծնվել է 1982 թվականին՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 1999-2004 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետում:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ 2010 թվականին նա պաշտպանել է «Գրունտների տատանումների քանակական պարամետրերի համեմատական գնահատումը ուժեղ երկրաշարժերի ժամանակ» թեմայով ատենախոսությունը և ստացել երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Նրա գիտական գործունեության ոլորտը ներառում է երկրաշարժագիտություն, երկրաֆիզիկա, ինժեներային սեյսմաբանություն, երկրաֆիզիկական սարքաշինություն:
2019 թվականից նա նաև «Երկրաշարժերի մշտադիտարկում և մոդելավորում» հայ-չինական միջազգային լաբորատորիայի համաղեկավարն է, 2020 թվականից՝ Ինժեներային սեյսմաբանության, սեյսմիկ ազդեցությունների վերլուծության և սեյսմիկ վտանգի գնահատման լաբորատորիայի վարիչը, 2021 թվականից՝ «Մաթեմատիկական երկրաֆիզիկա և գեոինֆորմատիկա» մեկնարկային լաբորատորիայի գիտական ղեկավարն է:
Ջոն Կարապետյանը 55 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում:
2022 թվականից Ջոն Կարապետյանը դասավանդում է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում:
Ջոն Կարապետյանն անդամակցում է Ամերիկյան երկրաֆիզիկական միությանը, Ասիական սեյսմաբանական համագումարին, Russian Journal of Earth Sciences (Q3) տեղեկագրի խմբագրական կոլեգիային:
2011 թվականին նա ստացել է ԳԱԱ պատվավոր դիպլոմ: 2011, 2013 և 2023 թվականներին ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության դափնեկիր, 2013 թվականին ստացել է ՀՀ Սփյուռքի նախարարության պատվավոր դիպլոմ, 2017 թվականին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կայացման և երիտասարդության շրջանում գիտության խթանման գործում ունեցած ավանդի համար, 2023 թվականին՝ ՀՀ ԳԱԱ հուշամեդալով: