Հռոմի պապը հայ հովվապետերի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից բռնագաղթածներին
Փետրվարի 28-ը՝ Սբ. Գրիգոր Նարեկացու գրական հիշատակի օրը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը մասնավոր կերպով ընդունեց Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ պատրիարք Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս(Մինասյան) XXI-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն։
«Պահքի սուրբ ժամանակներում պետք է նայել Խաչին և ապավինել Քրիստոսին, ով ներողամտությամբ ու սիրով բուժում է վերքերը։ Եպիսկոպոսները հրավիրված են աղոթքով բարեխոսելու բոլորի համար: Հայ Եկեղեցին, որ Քրիստոսի լույսը բերեց իր ժողովրդին, պետք է լինի քրիստոնեական մարգարեության լույսի վկան ու «առաջնեկը» ատելության ու բռնության խավարով պարուրված աշխարհում։ Ու թեև հայ կաթոլիկները շատ չեն, բայց «Աստված փոքրերի հետ է հրաշքներ գործում»,-մատնանշեց Սրբազան Հայրը և հոգևոր Հովիվներին կոչ արել չանտեսել աղքատների և մերժվածների մասին հոգ տանելը, աջակցել փախստականներին և սփյուռքահայերին։
«Ձերդ երանություն, սիրելի եղբայրներ, ինչպե՞ս կարելի է բառերով, առաջին հերթին աղոթքով չհիշել Հայաստանը, հատկապես Լեռնային Ղարաբաղից գաղթած բոլոր փախստականներին, ապաստան փնտրող ներքին տեղահանվածների բազմաթիվ ընտանիքներին: Այնքան պատերազմներ և տառապանքներ կան: Առաջին համաշխարհային պատերազմը պետք է լիներ վերջինը, և պետությունները միավորվեցին Ազգերի լիգայում՝ ՄԱԿ-ի իրավանախորդին՝ հավատալով, որ դա բավարար կլինի խաղաղության պարգևը պահպանելու համար: Սակայն այդ ժամանակից ի վեր եղել են բազմաթիվ հակամարտություններ ու ջարդեր, ինչպես միշտ՝ ողբերգական ու անիմաստ։ Քանի՞ անգամ եմ բարձարաձայնել՝ բավական է։ Եկեք բոլորս միասին կրկնենք խաղաղության այս կոչը, որպեսզի այն դիպչի նույնիսկ նրանց սրտերին, ովքեր անզգամ են աղքատների և խոնարհների տառապանքների հանդեպ: Առաջին հերթին եկեք աղոթենք։ Ես սա անում եմ ձեր և Հայաստանի համար և խնդրում եմ, հիշեք ինձ»,- նշել է Հռոմի հովվապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան