Ահռելի թվերով տուգանել են վարորդներին, չեն կարողանում հավաքել, ասում են՝ եկեք զեղչ անենք. Տիգրան Քեհյան
ԱԺ-ն փետրվարի 28-ին ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» և հարակից օրենքներում նախատեսված փոփոխությունների փաթեթը։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացնելով փոփոխությունների փաթեթը նշեց, որ դրանցով նախատեսվում է բոնուսային համակարգ` 20 % զեղչ, եթե տեսալուսանկարահանող սարքերի խախտումների ծանուցումը վարորդը ստանա էլեկտրոնային եղանակով և ևս 30 % զեղչ, եթե տույժը մուծում է 15 օրվա ընթացքում։
Փոխնախարարը նաև նշեց, որ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների դեպքում, եթե վարորդը մուծում է տուգանքի 50 %-ը ու եթե գործը ԴԱՀԿ-ում է գտնվում, նաև` կատարողական ծախսը, ապա այս դեպքում վճարման պարտավորությունն ամբողջովին կհամարվի կատարված։ Նա նշեց, որ այս բոնուսից քաղաքացիները կարող են օգտվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միայն երեք ամսվա ընթացքում։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարեց, թե ինչպես իր կուսակցության առաջնորդն էր ասել՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»
Panorama.am-ը «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանին խնդրեց մեկնաբանել վարոդների համար կատարված փոփոխությունների նշանակությունը։
«Այնտեղ մի պատգամավոր կա՝ մի քիչ շատ կերած, ասում է, թե ինչպես ասել են. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», թե հիմա զեղչեր են անում, չեն տուգանում։
Բայց ինչի՞ց են անում այդ զեղչերը։ Այնքան են տուգանել, որ հիմա չեն կարողանում հավաքել, ասում են՝ եկեք մուծեք, քիչ, բայց մուծեք։ Այս օրենքի փոփոխությունը երթևեկության կարգավորման հարցում ոչ մի խնդիր չի լուծում։ Այն միայն փող հավաքելու միջոց է, որպեսզի քաղաքացիներից արագ փողերը հավաքեն։ Իրենց ամեն գնով փող է պետք հավաքել՝ հավաքում են, թե ինչու են անում՝ չգիտեմ։
Բանն այն է, որ ահռելի թվերի տուգանում են, չեն կարողանում հավաքագրել, հիմա ասում են՝ եկեք զեղչ անենք շուտ հավաքագրենք, գոնե գործը հարկադիր չի գնա, չեն սննկանա, չի կորի գումարները»,- ասաց Տիգրան Քեյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան