Տնօրենն ինձ մեղադրում է՝ դուք դասարանից դուրս եք գալիս, գնում եք ուսուցչանոց, տետր եք բերում. Ն.Զարյանի անվան դպրոցի ուսւոցչուհի
«Այն ինչ կատարվում է Նաիրի Զարյանի անվան դպրոցում, իրապես մտահոգիչ է։ Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ վաստակավոր ուսուցիչներ լքել են դպրոցը, նաև դպրոցի երեք փոխտնօրեններն են դիմում գրել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ծնողներից մեկը։
Նա ընդգծեց, որ այս ամենը, որպես ծնող, իր համար լուրջ ազդակ է
«Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել դպրոցում։ Եթե առկա են չարաշահումներ, խնդրում եմ պատկան մարմիններին, համապատասխան միջոցներ ձեռնարկեն, քանի որ դպրոցը նաև դաստիարակություն է։ Որպես ծնող ուզում եմ իմ երեխան բարձրորակ կրթության ստանա, վտանգված չլինի իր ամեն օրը դպրոցում»,- ասաց ծնողը։
Դպրոցի «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտ Իսրայելյանն ասաց, որ ինչ-որ մի տեղ պետք է լինի դպրոցի պատմությունը, կարելի է այն բացել ու տեսնել, թե ինչ դպրոց է եղել, կարգուկանոնն ինչպիսին էր, ինչ աշակերտներ էին այստեղից դուրս եկել, ինչքան ուսուցիչ է այս դպրոցում աշխատել, որքանն են դիմում գրել, գնացել, որովհետև այլևս չեն կարող այս պայմաններում աշխատել։
«Ես տնօրենին երեկ ասել եմ, այսօր էլ ասում եմ՝ մենք ունենք կառավարման լուրջ խնդիր։ Տան տերը տան գլուխն է, ինքը պետք է ամեն ինչ կազմակերպի ու կառավարի, տարբեր պատճառներով, չգիտեմ փոխտնօրենների կամ այլ մասնագետների չմեղադրի։ Այսօր իր մեղադրանքն ինձ հետևյալն էր՝ դուք դասարանից դուրս եք գալիս, գնում եք ուսուցչանոց, տետր եք բերում։ Կներեք՝ ես չեմ գնում սուրճ խմելու, մարդ եմ, տետր եմ մոռացել, գնացել եմ բերեմ, իմ աշխատանքն անեմ»,- ասաց ուսուցչուհին։
Հիշեցնենք, որ Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի ծնողական համայնքը պահանջում է դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը։ Ծնողներն արդեն երկու օր է հավաքվում են դպրոցի մոտ, փորձում հանդիպել տնօրենի հետ, իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ։ Այսօր նրանց դա չհաջողվեց, քանի որ դպրոցի դուռը հսկում են միանգամից մի քանի ոստիկան։ Լրագրողներին նույնպես չթողեցին ներս մտնել՝ նշելով, որ տնօրենը հանդիպման է։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին քննարկում է գնում փոխտնօրենների հետ, ներքին խնդիրներ են. Ն. Զարյանի անվ. դպրոցի տնօրեն
- Ազատման դիմում գրած փոխտնօրեններն ասացին՝ կառավարման խնդիր են տեսնում դպրոցի ներսում. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Նվարդ Հովսեփյանը 1,5 տարի տնօրեն է, 26 ուսուցիչ ազատման դիմում է գրել. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
- Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան
- Ն. Զարյանի անվան դպրոցում դասադուլ է. աշակերտները դեմ են չարաշահումներ թույլ տված տնօրենին