«Հրաշքներն օրենքով ո՞նց են կարգավորվում». ՔՊ-ականի ներկայացրած նախագիծն անհասկանալի էր
Ազգային ժողովում քննարկվեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Հարակից զեկուցող Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Միքայել Թումասյանը բացարեց, թե նախագծով ինչ խնդիր է լուծվում. «Դիցուք, քաղաքացին ձեռք է բերում նորակառույց շենքում իրավունքի վկայական և նախատեսված է, որ պետք է կառուցվի, օրինակ, 10 հարկանի շենք, բայց ձեռքբերումից հետո, ինչ-որ հրաշքով ավելանում են հարկերը և շենքը դառնում է, օրինակ, 14 հարկանի, այստեղ խախտվում են քաղաքացու իրավունքները և այս նախագծով կանխվում են նման երևույթները»։
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել։
«Երբ որ մարդը ձեռք է բերում իրավունքի վկայականը, դեռ շենքը կառուցված չէ, բացի այն քառակուսի մետրից, որ ինքը ձեռք է բերում, նաև կա ընդհանուր բաժնեմաս, օրինակ, խաղահրապարակ և այլ։ Այդ ընդհանուր բաժանեմասը բաժանվում է շենքի բնակիչների վրա, ամեն մեկին կոնկրետ քառակուսի մետր, երբ որ հարկերն ավելանում են, ավելանում է նաև բնակիչների քանակը, ընդհանուր բաժնեմասը պետք է ավելի շատ մարդկանց վրա բաժանվի։ Այս օրենքն ընդունելուց հետո առանց այդ բնակիչների թույլտվության, կառուցապատողը չի կարող ավելացնել հարկերի քանակը»,- բացատրեց Թումասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն հարցրեց, որ եթե նախկինում տրված կառուցման շինթույլտվության մեջ փոփոխություն է կատարվում, նախկինում էլ, գործող օրենքով էլ, պետք է բոլոր շահագրգիռ մարդիկ, համասեփականատերերը իրենց գրավոր համաձայնությունը տան, քանի որ շենքը բաժնային սեփականություն է։
«Այստեղ հրաշք չի կարող գործել, դա օրենքով կարգավորվող նորմ է։ Նոր բան չեք բերել, ի՞նչի մասին է խոսքը, կամ երևի դուք չկարողացանք ճիշտ ներկայացնել»։
Թումասյանն փորձեց նորից բացատրել. «Եթե կառուցապատողը ստացել է թույլտվություն, օրինակ, 10 հարկանի շենք կառուցելու համար, մարդը ձեռք է բերել ոչ թե բնակարանը, այլ իրավունքի վկայականը, այնտեղ նշված է իր բնակարանի հասցեն, քառակուսի մետրը և նա իրավունք ունի ընդհանուր բաժնեմասից։ Իսկ հրաշքը, օրինակ, պատկերացրեք, 10 հարկանի շենքի շինթույլտվությունը փոխում են ու դարձնում են 12 հարկ, հրաշքը հենց դրա մասին է, որով խախտվում են բնակիչների, ձեռքբերողների իրավունքները»։
Ա.Ղազարյանը արձագանքեց. «Ճիշտն ասած՝ չեմ հասկանում հրաշքներն օրենքով ո՞նց են կարգավորվում։ Հստակ կա... կամ ի՞նչ եք առաջարկում»։
Թումասյանն էլ պատասխանեց, որ օրենքի փոփոխությամբ ուզում են կանխել այդ հրաշքները, կամ եթե դրանք հրաշք չեն, պետք է տեղի ունենա բնակիչների թույլտվությամբ։
Այնուհետև Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարցերն ավարտվեցին. «Ժամանակը լրացավ, հըմի էդ ա»։
Հիմնական զեկուցող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը փորձեց նորից բացատրել նախագծի իմաստը. «Այս կարգավորմամբ, եթե ուզում են անել քաղաքաշինական միջամտություններ, պետք է ձեռք բերեն արդեն գնման իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների համաձայնությունը։ Միայն այդ դեպքում կարող են անել այդ քաղաքաշիանական փոփոխությունները, քանի որ ազդում են ընդհանուր բաժնային սեփականության վրա»։