Երևանում BMW-ն մխրճվել է մարդատար ГАЗель-ի մեջ, կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:50-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցից դեպի Հասրաթյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել կանաչ գոտու վրայով, կոտրել ծառը և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մարդատար ГАЗель-ին:
«Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ապարան թիվ 531 երթուղին և մեքենան թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ BMW -ն բախվել է ГАЗель -ին և մոտ 4 մետր, ժողովրդի լեզվով ասած՝ «բրդելով» առաջ է տարել ГАЗель-ը և 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում»,- գրում է կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին