Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարման արարողություն՝ Ֆրանսիայում
Փետրվարի 27-ին Ֆրանսիայի փոստային ընկերության կենտրոնական գրասենյակում (Carrée d’Encre) մեծարվել է հայազգի երկու խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նրանց նվիրված նամականիշների թողարկման հանդիսավոր արարողության շրջանակներում։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա են եղել և բացման խոսքով հանդես եկել Ֆրանսիայի սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոմլաջյանը, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, Ֆիլապոստի խմբի եվրոպական և միջազգային հարցերով տնօրեն Ժան-Պոլ Ֆորսըվիլը, Ֆիլապոստի տնօրեն Պոլ Դվորկինը, Միսաք Մանուշյանի եղբոր թոռնուհին՝ Կատյա Գիրակոսյանը և Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։
Միսաք Մանուշյանին նվիրված չորս նամականիշ ներառող հավաքածուն (Collector timbre) Ֆրանսիայի փոստային ընկերությունը թողարկել է Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում՝ ֆրանսիացի մեծագույն գործիչների կողքին ամփոփելու իրադարձության կապակցությամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և վերջինիս հետ սերտ համագործակցությամբ։ Հավաքածուն թողարկվել է 8000 օրինակով։
Միջոցառման շրջանակներում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշի պատկերի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Պատկերի հեղինակը ծագումով վիետնամցի նկարիչ Հոմ Նգույենն է, իսկ նրա ստեղծագործության հիմքում՝ ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի կողմից արված Շառլ Ազնավուրի լուսանկարը։ Նամականիշի պաշտոնական թողարկումը՝ շուրջ 600 000 օրինակով, նախատեսված է մայիսին՝ երգչի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Արարողությանը ներկա են եղել խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան