Կլիմայի փոփոխության պատճառով ասաիի հատապտուղները Ամազոնում աղի են դարձել
Ամազոնի գետաբերանում գտնվող Բայլիկի կղզիներում, տարածված ասաիի (արմավենու տեսակ Բրազիլիայում, որը սննդի կարևոր աղբյուր է Ամազոնի դելտայի բնակիչների համար) հատապտուղները, դարձել են աղի: Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ներկայացնելով ու ի մի բերելով այս թեմայով միջազգային մամուլի հրապարակումները՝ նա գրել է.
«Արմավենու պտուղներն այս համը ձեռք են բերել Երկրագնդի ամենամեծ գետի վտակների հոսքի փոփոխության հետևանքով։
Ամազոնի աղակալմանը հանգեցրել է կլիմայի փոփոխությունը: Իրավիճակն ավելի են վատացրել տեղական գոմեշների ֆերմաները և հիդրոէլեկտրոկայանների ամբարտակները: Ջուրը սկսել է քայքայել արշիպելագի հարավային ափերը, ինչի հետևանքով տարածաշրջանում սողանքները հաճախակի են դարձել: Ամազոնի հյուսիսային վտակները սկսել են տղմակալել։ Արդյունքում Ատլանտյան օվկիանոսի աղի ջրերը, որոնց մակարդակը անընդհատ բարձրանում է, ներթափանցել են քաղցրահամ Ամազոնի ավազան։ Բացի այդ, Բրազիլիայում գրանցված ռեկորդային շոգի պատճառով տեղի կրետները դարձել են ավելի ագրեսիվ և բեղմնավոր։
Կառավարությունը չի կարողանում մեղմել բնապահպանական փոփոխությունների հետևանքները: Բրազիլիայի Ամապա նահանգի բնակչությունը տատանվում է 7,3 հազարից մինչև 13 հազար մարդ։ Որոշ բնակիչներ չեն դիմանում փոփոխություններին և լքում են հայրենիքը։ Մյուսները սովորում են ֆիլտրել անձրևաջրերը և հարմարվել նոր կենսապայմաններին:
Աշնանը հայտնի դարձավ մոլորակի ամենաջրառատ գետի ռեկորդային ծանծաղման մասին։ Ամազոնի ջրերի մակարդակը իջել է մինչև 13,6 մետր։ Նման մակարդակ Մանաուս նավահանգստում չէր նկատվել վերջին 120 տարիների ընթացքում։
Տարածաշրջանում երեք ամիս տեղումներ չեն դիտվել: Նավագնացության դժվարությունների պատճառով Բրազիլիայի հյուսիսում հացահատիկի մատակարարումները ստիպված են եղել դադարեցնել: Գիտնականները սաստիկ երաշտը բացատրում են Էլ Նինիոյի պարբերական բնական երևույթի հետ։ Գլոբալ տաքացումը, որն ի տարբերություն Էլ Նինյոյի, չի ավարտվելու, սպառնում է Ամազոնի անձրևային անտառը վերածել սավանայի»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան