Ինչու՞ պիտի ձեզ օգնեմ՝ խախտումներն ու կիքսերը ժամանակին վերացնելու հարցում․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Էսօր էլ Սամսոնյանի նիստի ժամանակ էր դատախազն ինձ մեղադրում, որ իրենց թույլ տված խախտման մասին է՛ն գլխից չեմ բարձրաձայնել ու նոր եմ ասում։ Ասում է՝ ինչու՞ քննիչին բացարկ չեք ներկայացրել։
Ա՛յ ձեր ցավը տանեմ, ես իմ պաշտպանյալների՛ կողմից եմ։ Ես ձեր կողմից չե՛մ։ Ինչու՞ պիտի ձեզ օգնեմ՝ խախտումներն ու կիքսերը ժամանակին վերացնելու հարցում։
Մի խոսքով, սա կյանք չի…»։
Նշենք, որ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված հանդես է եկել բռնություն գործադրելու հրապարակային կոչով, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը:
«Այսպես.
01.04.2023թ. «AntFake.am» կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում, որով Նարեկ Սամսոնյանը պատգամավորներին հորդորում է հետևել պատգամավոր Մհեր Սահակյանի օրինակին, մասնավորապես նշելով, որ «Կատաղած շանը կանխելու համար կան ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ»: Մասնավորապես, հաղորդման ընթացքում Նարեկ Սամսոնյանի կողմից հնչեցվել են հետևյալ արտահայտությունները' «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույտ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին, ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն: Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել»,-ասված է Դատալեքսում հրապարակված բովանդակության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Ես զարմացա դատախազի առաջարկից
- Վաղը տեղի կունենա Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստը․ Մելիքյան