Ինչո՞ւ հարավկորեացի կանայք երեխաներ չեն ունենում
Հարավային Կորեայում ավելանում է այն կանանց թիվը, որոնք նախընտրում են ապրել միայնակ ու երեխաներ չունենալ՝ դառնալով իրենց տեսակի անհետացման պատճառ։ Հարավային Կորեան աշխարհում ամենացածր ծնելիությունն ունի, և այս թիվը շարունակում է կտրուկ անկում ապրել՝ տարեցտարի գերազանցելով ցածր ռեկորդը: 2023-ին ցուցանիշը նվազել է ևս 8 տոկոսով՝ ծնելիության գործակիցը հիմա 0.72 է։
Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում, որպեսզի բնակչության թիվը կայուն մնա, այդ ցուցանիշը պետք է լինի 2,1: Եթե այս միտումը շարունակվի, ապա 2100 թվականին Կորեայի բնակչությունը 2 անգամ կկրճատվի։
Համաշխարհային մասշտաբով զարգացած երկրներում ծնելիության մակարդակը նվազում է, բայց ոչ այնպիսի ծայրահեղ ձևով, ինչպիսին Հարավային Կորեայում։ Այս երկրի մասով կանխատեսումները մռայլ են:
50 տարի հետո աշխատունակ տարիքի մարդկանց թիվը կկրճատվի երկու անգամ, երկրի պարտադիր զինվորական ծառայությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը կկրճատվի 58%-ով, իսկ բնակչության գրեթե կեսը կլինի 65 տարեկանից բարձր։
Սա սպառնալի է երկրի տնտեսության, կենսաթոշակային ֆոնդի և անվտանգության համար, ուստի քաղաքական գործիչները խնդրի կապակացությամբ հայտարարել են «ազգային արտակարգ իրավիճակ»:
Ըստ աղբյուրի, զույգերը, ովքեր երեխաներ ունեն, ստանում են գումար, սուբսիդավորվող բնակարաններ, նույնիսկ տաքսիներից անվճար օգտվելու հնարավորություն ու այլ արտոնություններ։
Նման ֆինանսական խրախուսանքները չեն գործել, ինչը քաղաքական գործիչներին մղում է ավելի «կրեատիվ» լուծումներ գտնելու, օրինակ՝ տղամարդկանց ազատել զինվորական ծառայությունից, եթե նրանք մինչև 30 տարեկան դառնալն ունեն երեք երեխա։
«Անցած տարվա ընթացքում մենք շրջել ենք երկրով մեկ, խոսել կանանց հետ՝ հասկանալու երեխա չունենալու նրանց որոշման պատճառները»,-նշել է աղբյուրն ու ներկայացրել մի կնոջ արձագանքը. «Կորեայում դժվար է հանդիպել այնպիսի տղամարդու, ով հավասարապես կկիսի տնային գործերն ու երեխաների խնամքը։ Եվ միայնակ երեխաներ ունեցող կանայք չեն լավ չեն ընկալվում այստեղ»։
2022 թվականին Հարավային Կորեայում ծնունդների միայն 2%-ն է եղել արտաամուսնական կապից։
28-ամյա մի կին, ով աշխատում է, նշել է ծննդաբերության արձակուրդից հետո աշխատանքում առաջընթացի բացակայությունը։
«Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք ունեն մեկ տարվա արձակուրդի իրավունք իրենց երեխայի կյանքի առաջին ութ տարիների ընթացքում: Սակայն 2022 թվականին հայրացածների միայն 7%-ն է օգտվել արձակուրդից, նորաթուխ մայրերի 70%-ի համեմատ»,-նշում է աղբյուրը։
Կորեացի կանայք ՏՀԶԿ երկրներում ամենաբարձր կրթվածներն են, և, այնուամենայնիվ, երկիրն ունի աշխատավարձերի ամենավատ գենդերային տարբերությունը, ինչպես նաև չաշխատող կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան