Ռուբինյան. Մենք Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ խաղաղ բանակցությունները Երևանի և Բաքվի միջև չէին էլ դադարել»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նշենք, որ քննարկմանը ներկա են Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը, Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ռուբինյանը նշեց, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ տեղի չէին ունեցել, այնուամենայնիվ, կողմերը շարունակել են իրենց առաջարկները փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։
«Սա դրական առաջընթաց քայլ է»,- ընդգծեց նա։
Ռ.Ռուբինյանը հիշեցրեց, որ փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Իսկ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացել են բանակցություններ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
«Վերջին տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր համաժողովներում կարողացել են համաձայնության գալ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ։ Սա առաջին հերթին փոխադարձ ճանաչումն է, միմյանց տարածքային ամբողջականության հաստատումը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ ևս մեկ հարց՝ հաղորդակցությունները. մենք ասել ենք, որ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակվելու են օրենքի, իրավահավասարության և կողմերի իրավասության սկզբունքներով։
Մենք կարծում ենք, որ եթե կարողանանք արդեն գոյություն ունեցող սկզբունքները տեղավորել խաղաղ բանակցություններում, ապա շատ լավ կարող ենք հասնել խաղաղության և կարող ենք դա անել բավականին արագ։ Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել։ Մեր կողմից, իհարկե, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արտացոլենք սկզբունքները։ Բայց մենք Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում։ Սա, իհարկե, մեր գնահատականն է։ Հույս ունենք, որ կկարողանանք անհրաժեշտ արդյունքներ ստանալ»,- ասաց Ռուբինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան