Եկեղեցին շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական ու ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հանրային կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ եկեղեցասեր հայորդիների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Ներկայացնելով խմբի անդամներին, Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ եկեղեցասեր հավատացյալների խմբում ընդգրկված են տարբեր բնագավառներում ճանաչում և հարգանք վայելող անձինք, որոնց միավորում են հոգևոր, բարոյական արժեքները, Մայր Եկեղեցու նկատմամբ հավատարմությունը։
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով հայորդիներին, գնահատել է վերջիններիս ազգանվեր ու եկեղեցասեր ոգին և նախանձախնդրությունը քրիստոնեական սուրբ հավատքի ու ազգային նվիրական արժեքների նկատմամբ։
Նորին Սրբությունը հաստատել է, որ Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտների ու դժվարությունների, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական ու ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և ջանքեր գործադրել ի նպաստ բարոյական ու ազգային արժեհամակարգի անաղարտ պահպանման։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է նաև Մայր Աթոռի կողմից արցախահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա