Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին. «Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է»
«Հայաստանի Սահմանադրությունը՝ մեր ներքին գործն է»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ելույթին։
«Պարոն Հաջիևը նշեց, որ Ադրբեջանը որոշակի պարզաբանման է սպասում Հայաստանի Սահմանադրության հետ կապված։ Սկզբից ուզում եմ ասել, որ Հայաստանի Սահմանադրությունը և իրավական դաշտը մեր ներքին գործն է, դրանք որևէ առնչություն չունեն խաղաղ գործընթացի հետ»,- ասաց Ռուբինյանը։
«Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և դա բազմիցս ասվել է նույնիսկ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարություններում»,- հիշեցրեց նա։
Նրա խոսքով, տարածքային պահանջներ չունենալը հաստատելու լավագույն միջոցը խաղաղության պայմանագիր կնքելն է։
«Խաղաղության համաձայնագրի նախագծում, որը բանակցվում է, կա երկու կետ, որոնք համաձայնեցվել են երկկողմ մակարդակով, առնվազն նախնական։ Նախ՝ այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն և չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։
Երկրորդ՝ նշվում է, որ կողմերը հղում չեն անում իրենց ներպետական օրենսդրությանը սույն պայմանագրի դրույթները չկատարելու համար։
Պարոն Հաջիևն ասում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն այնքան էլ դժվար չէ։ Այստեղ ես պետք է համաձայնվեմ նրա հետ... Եթե մենք, գոնե ղեկավարության մակարդակով, դա հաստատել ենք, ապա մնում է միայն տեխնիկական աշխատանք։ Ցավոք, մենք չենք տեսնում Ադրբեջանի շահագրգռվածությունը՝ այս համաձայնեցված սկզբունքները թղթի վրա արտացոլելու հարցում, բայց հուսով ենք, որ դա կփոխվի»,- ասաց Ռուբինյանը։
Անդրադառնալով Հայաստանին ռազմականացման վերաբերյալ մեղադրանքներին՝ Ռուբինյանն ասաց. «Մենք դա չենք անում, մենք ուղղակի պաշտպանվում ենք։ Սա միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով անվտանգության որոշակի մտահոգությունները, որոնք բխում են Ադրբեջանից։ Մենք պետք է մեզ պաշտպանենք։ Մենք ագրեսիվ դրդապատճառ չունենք մեր հարևանների նկատմամբ, հարգում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Բայց մենք իրավունք ունենք կառուցելու սեփական պաշտպանությունը ։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը ինքն է զենք գնում տարբեր երկրներից։ Եվ նրանք դա անում են ոչ միայն պաշտպանվելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է. Հաջիև
- Ռուբինյան. Մենք Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան