Իրավաբան. Նման մարդիկ արժանի չեն որևէ գթասրտության, կարեկցանքի, այլ պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը գրում է.
«Ամեն անգամ երեխաների նկատմամբ բռնության տարբեր դրսևորումների մասին խոսելիս, հոգուս խորքում հույս եմ տածում, որ գոնե այդ դեպքից ավելի վատ դեպք այլևս չլինի, բայց.....
Որոշ մարդկանց խորը դեգրադացումը, սոցիալական էակ չլինելը, այլասեռված երևակայությունը, բանականությունից զուրկ լինելը, անգամ բնազդների այլասերումը հանգեցնում է նորանոր դեպքերի, որոնք չեն տեղավորվում որևէ տրամաբանության, ողջամտության կամ մարդկայնության մեջ: Եվ նման մարդիկ արժանի չեն որևէ գթասրտության, կարեկցանքի, խղճահարության, այլ պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի ու անտեսման՝ անկախ նրանից, որ վկայակոչում են սոցիալական ծանր պայմանները, հոգեբանական սրացումները և այլ անհիմն պատճառաբանություններ:
Որոշ մարդիկ ծնող չպետք է դառնան, իսկ դառնալուց հետո՝ պետք է մշտական վերահսկողության ներքո գտնվեն, որպեսզի իրենց երեխաներին պաշտպանենք հենց իրենցից....
Հ.Գ. Ծնողն այն անձը չէ, ով կյանք է տվել երեխային, այլ նա ով ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ու ԽՆԱՄԵԼ է նրան»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլը գրեց.
«Փետրվարի 8-ին իրավապահներին հաղորդում է ներկայացվում, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչ Հայկ Գ.-ն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել:
Արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայկ Գ-ն իր զույգ երեխաներին 2022 թվականին ծնված աղջկան և տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկեր Կարենին, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել: Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, և նրա ընկերը ևս սեռական բնույթի գործողություններ են կատարել:
Երկու տղամարդիկ կալանավորված են»։