«Հրապարակ». Նոր սահմանադրությունը պետք է գրի գործող խորհուրդը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և խորհրդի անդամները նախօրեին հանդիպել են վարչապետի հետ՝ քննարկելու նոր սահմանադրությունը գրելու հարցը։ Գրել էինք, որ խորհրդում և հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում Ադրբեջանի կողմից թելադրված սահմանադրություն գրելու խարանը կրել, նրանք վերջին նիստին բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե իրենք չեն կարող նոր սահմանադրություն գրել` չունեն նման մանդատ, իրենք փոփոխություններ մշակելու համար են ձևավորվել:
Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որ որևէ խնդիր չի տեսնում այդտեղ, որ նոր սահմանադրությունը պետք է գրի գործող խորհուրդը, ինչը կանխատեսելի էր, քանի որ նոր մրցույթ, նոր կազմ ձևավորելը փորձություն կարող է դառնալ, և այդ գործը ստանձնելու պատրաստ մարդիկ էլ շատ չեն։ Ուշագրավ է, սակայն, որ Փաշինյանը որևէ հստակ բան չի ասել, թե երբ է նախատեսվում սահմանադրական հանրաքվեն, ինչ ժամկետում պետք է գրվի մայր օրենքը և այլն: Խիստ անորոշ և ոչ կառուցողական քննարկում է եղել, որի մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։
Նշենք նաև, որ խորհրդի կազմում են անկախ մարմինների ներկայացուցիչներ` ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ, որոնք իրավունք չունեն քաղաքական խնդիրների լուծմանը մասնակցել: Մնալո՞ւ են արդյոք նրանք խորհրդում, չհաջողվեց պարզել` ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ասաց․ Հայաստանում չէ, չի մասնակցել հանդիպմանը, անտեղյակ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։