Վրաստանի անհետացող հայկական եկեղեցիները
Վրաստանի հայ համայնքը վերջին տարիներին պարբերաբար բարձրացնում է բախտի քմահաճույքին մատնված Վրաստանի բազմաթիվ հայկական եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Շամխորեցոնց Կարմիր Ավետարան եկեղեցու հարցը։ Jnews-ը փորձել է պարզել այս իրավիճակի պատճառները, ո՞վ է պատասխանատու այս և այլ մշակութային հուշարձանների ճակատագրի համար, ինչպես նաև՝ ի՞նչ կերպ կարելի է շտկել իրավիճակը։
Սուրբ Շամքորեցոց (Շամխորեցոնց) Կարմիր Ավետարան եկեղեցին, որը թվագրվում է 1775 թվականին, ժամանակին եղել է Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցին։ Այն Վրաստանի մշակութային ժառանգության, ինչպես նաև Թբիլիսիի յուրահատուկ ճարտարապետության մաս է կազմում։ Սակայն այս ժառանգությունն այսօր թողնված է բախտի խմահաճույքին և անհետացման եզրին է։
Մշակութային ժառանգության փորձագետ Ցիրա Էլիսաշվիլին Jnews-ին տված հարցազրույցում նշել է է, որ հուշարձանի պատասխանատվությունը կրում է Վրաստանի մշակույթի նախարարությունը։
«Ըստ ազգային օրենսդրության և միջազգային կոնվենցիաների՝ հուշարձանը պատկանում է այն պետությանը, որի տարածքում գտնվում է, ըստ այդմ՝ Շամխորեցոնց եկեղեցին պատկանում է վրաց պետությանը։ Հիմնական պատասխանատվությունը կրում է պետությունը, մասնավորապես՝ Վրաստանի մշակույթի նախարարությունը։ Հուշարձանի վերականգնման նախագիծը պետք է համաձայնեցվի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության հետ»,- ասել է նա։
Վերջին տարիներին եկեղեցու շրջակայքում սկսվել են տարբեր շենքերի շինարարություններ, որոնք մեծապես վնասել են եկեղեցու հիմքը։ Փորձագետը կարծում է, որ իրավիճակը էապես չի վատթարացել, սակայն եկեղեցու շրջակայքում շինությունները ուղղակիորեն խախտում են «Մշակութային ժառանգության մասին» Վրաստանի օրենքը։
«Հուշարձանի պահպանության ֆիզիկական և վիզուալ տեսակետից նման նախագծին թույլտվություն չպետք է տրվեր»։
Չնայած այն հանգամանքին, որ կրոնական մշակութային հուշարձանը եղել է «վիճահարույց եկեղեցիների» ոչ պաշտոնական ցանկում, որը Վիրահայոց թեմի կայքում ներկայացված է որպես «ԿԱՆԳՈՒՆ ԵՎ ԽՈՆԱՐՀՎԱԾ ՉԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ», Ցիրա Էլիսաշվիլիի խոսքով այս եկեղեցու պատկանելության վերաբերյալ կասկածներ չկան. «Շամխորեցոց եկեղեցին ակնհայտորեն հայկական մշակույթի մաս է: Դրա կառուցման պատմությունը հայտնի է: Այս հարցում ավելորդ հարցեր չպետք է լինեն»։
Էլիսաշվիլիի խոսքով, եկեղեցու վերականգնման/պահպանման տեմպերի արգելակման միակ պատճառը Վրաստանի Պատրիարքարանի դիրքորոշումն է, ինչպես նաև Պատրիարքարանի հետ առճակատվելու պետության ցանկության բացակայությունը։
«Այս ինստիտուցիան մեծ ազդեցություն ունի պետության վրա, իսկ պետության անգործությունը ոչնչացնում է մշակութային ժառանգությունը: Թեև օբյեկտիվության համար պետք է նշել, որ Պատրիարքարանը նաև սխալ որոշումներ է կայացնում վրացական հուշարձանների առնչությամբ, իսկ Վրաստանի պետությունը աչք է փակում դրա վրա: Իշխանությանը ձեռնտու չէ Պատրիարքության հետ հակառակվելը, թեև այն պատճառով, որ եկեղեցու բազմաթիվ ծխականները միաժամանակ հանդիսանում են նաև ընտրազանգված»,- ասել է նա։
Հայագետ, Էթնիկ և դավանանքային փոխհարաբերությունների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավան նույն կարծիքին է, որ պատմական հուշարձանների ոչնչացման խնդիրը վերաբերում է ոչ միայն հայկական ճարտարապետությանը, և դրա պատճառը նա համարում է ներկայիս իշխանությունների անտարբերությունը տվյալ ոլորտի հանդեպ:
«Ցանկացած հուշարձան, անկախ նրանից, թե ով է այն կառուցել Վրաստանի տարածքում, հանդիսանում է Վրաստանի մշակութային ժառանգություն, քանի որ բոլոր ժողովուրդները, ովքեր այստեղ կառուցել են իրենց մշակութային հուշարձանները, Վրաստանի պատմության մի մասն են, ինչը նշանակում է, որ նրանց ժառանգությունը նաև վրացական ժառանգություն է։ Եվ այն, ինչ հիմա կատարվում է Շամխորեցոնցի և այլ եկեղեցիների հետ, որոնց պատկանելության հարցը դրված չէ, այս ամենը պետության պատասխանատվությունն է: Ներկայիս իշխանության համար բացարձակապես միևնույն է: Ես, իհարկե, չեմ կիսում այն կարծիքը, որ սա միայն հայկական հուշարձանների հետ է լինում, որովհետեւ այն, ինչ հիմա կատարվում է, դուք ինքներդ գիտեք, փլուզվում է վրացական մշակույթի խորհրդանիշը՝ Գելաթին»,- ասել է նա։
Նրա կարծիքով, ի տարբերություն հայ համայնքի, վրացական հանրությունն ավելի ակտիվ է իր պատմական հուշարձանների խնդրի շուրջ բողոքի ակցիաներով. «Վրացական հասարակությունը քիչ թե շատ ակտիվորեն հետևում է Գելաթիի շուրջ տեղի ունեցող բողոքի ակցիաներին, եթե հայ համայնքը նույնպես ավելի ակտիվ և հետևողական լինի այս հարցում, կարծում եմ, որ մենք կկարողանանք միասին լուծել այս հարցը»։
Այս պահին Սուրբ Շամխորեցոնց եկեղեցին անմխիթար վիճակում է: Փորձագետ Ցիրա Էլիսաշվիլիի խոսքով՝ եկեղեցին միայն պահպանողական աշխատանքների է ենթակա, այն այլևս հնարավոր չէ վերականգնել։
Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Սբ. Շամխորեցոնց եկեղեցուն։Կործանման եզրին են Թբիլիսիի ևս 4 հայկական եկեղեցիներ՝ Երևանցոց Սուրբ Մինասը, Մուղնու Սուրբ Գևորգը (Մուղնու Մեծ), Սուրբ Նշանը (Սուրբ Նիկողայոս), Թբիլիսիի Նորաշեն Սուրբ Աստվածածինը։ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը դրանց առնչությամբ դիմել է տարբեր ատյանների, սակայն դա ևս արդյունք չի տվել։
Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան