Լավրով. Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել իր գործնական քայլերի մասին
«Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և նկատի կունենա դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի, բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիման վրա։
«Այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- նշել է Լավրովը։
Նա ուշադրություն է հրավիրել Բաքվի և Երևանի միջև շփումների վրա, որոնք կազմակերպվում են որպես այլընտրանք «արևմտյան տարբեր գործիչների հովանու ներքո»։
«Ես իմ ադրբեջանցի գործընկերոջը հարցրի նրա տպավորությունների մասին։ Ես կգերադասեի չբարձրքաձայնել նրա պատասխանները»,- ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ Բաքվում, ռուս նախարարի պատմելով, «հաստատում են իրենց պատրաստակամությունը լուծելու բոլոր հարցերը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի շարք եռակողմ հայտարարությունների համաձայն»:
«Առաջընթացը [կարգավորման հարցում], իմ կարծիքով, կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ընդգծել է Լավրովը։
Միևնույն ժամանակ Մոսկվան, ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել՝ ինչպես «տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման, այնպես էլ սահմանների սահմանազատման, ... և համապատասխանաբար, խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը հատուկ դեսպան է նշանակել՝ օգնելու այս խնդրի լուծմանը, ով արդեն այցելել էր Բաքու և պատրաստվում էր այցելել Երևան։
«Երևանի մեր գործընկերները չհաստատեցին նրա այցը»,- դժգոհել է ՌԴ արտգործնախարարը։