Միրզոյան. Մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման
«Լավ է հնչում, երբ խոսում ենք փոխկապակցվածություն, միջազգային առևտրի և տարանցման, մշակութային և մարդկանց միջև հաղորդակցության խորացման մասին. տնտեսության տեսանկյունից փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության մեծացումը շահավետ կլինի»,-1lurer.am-ի փոխանցմամն, այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը:
«Իմ երկիրը՝ Հայաստանը, դեպի ծով ելք չունեցող երկիր է, և մենք շատ լավ ենք հասկանում վերոնշյալի կարևորությունը եթե ոչ ավելի, առնվազն ոչ պակաս, քան այս սենյակում հավաքված մարդիկ: Բացի դրանից՝ մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նա։
Ա. Միրզոյանը նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև մեր տարածաշրջանին:
«Ուստի Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է նա։
Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այն սկզբունքները, որոնք ընկած են դրա հիմքում՝ Ա. Միրզոյանը հույս է հայտնել, որ ֆորումի մասնակիցները դրանք արդար կհամարեն:
Միրզոյանը շեշտել է հատկապես տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա, նա նաև նշել է, որ համագործակցությունը պետք է կառուցվի հավասարության և փոխադարձության հիման վրա: