«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանի եղբայրը կրկին առաջադրվի ՍԴ դատավորի թեկնածու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը, դատավորները էլի պետք է հավաքվեն։ Կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն և ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: Դատական համակարգում ակտիվ քննարկում են, թե ում ընտրեն, որ ՔՊ-ի սրտով լինի: Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի հանձնվում և ամեն գնով իր թեկնածուին է առաջ տանելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցը անձամբ նրանից ճշտել, սակայն մեր հաղորդագրություններն ու զանգերը մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դատավորներին էր դիմել Երևան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին, սակայն Բալայանին ՔՊ-ն չընտրեց: Ուստի, հերթական անգամ դատավորները հավաքվելու են առաջիկայում: Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, և ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր և այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան