Ցորենը, բրինձը և լոբազգիները հատկապես զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ օդային ճանապարհով տեղափոխվող միկրոպլաստիկները ավելի ու ավելի են հայտնաբերվում բուսականության մեջ, և որ գետնամերձ օզոնը շարունակում է ազդել մշակաբույսերի վրա:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, օդի տարբեր աղտոտիչների ազդեցությունը բուսականության և մշակաբույսերի վրա ուսումնասիրվել է ավելի քան 35 տարի՝ ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին կոնվենցիայի՝ Բնական բուսականության և մշակաբույսերի վրա օդի աղտոտիչների ազդեցության (ICP Vegetation) միջազգային գիտահետազոտական ծրագրի շրջանակներում, որը գլխավորում է Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնը:
Պարզվել է, որ որոշ մշակաբույսեր, ներառյալ հիմնական պարենային մշակաբույսերը՝ ցորենը, բրինձը և լոբազգիները, հատկապես զգայուն են օդի աղտոտվածության որոշ տեսակների նկատմամբ:
Գետնամերձ օզոնը, որը ձևավորվում է, երբ տրանսպորտային միջոցներից և արդյունաբերությունից արտանետումները (օրինակ՝ ազոտի օքսիդները) փոխազդում են արևի լույսի ներքո այլ աղտոտիչների հետ, վատ է ազդում բույսերի աճի վրա և, ըստ գնահատումների, վերջինս կհանգեցնի հիմնական սննդամթերքի բերքի համաշխարհային կորուստներին:
Միջերկրածովյան տարածաշրջանում իրավիճակը հատկապես կրիտիկական է օզոնի բարձր կոնցենտրացիաների պատճառով, ինչի հետևանքով նույն մշակաբույսերի տարբեր գենոտիպերի օզոնային զգայունության վերաբերյալ ուսումնասիրությունները կարող են արժեքավոր տեղեկություններ տալ գետնամերձ օզոնով աղտոտված միջերկրածովյան կլիմայական տարածքներում սննդի կայուն արտադրությունը պահպանելու այլընտրանքների մասին:
Ըստ հետազոտությունների՝ մամուռները կարող են օգտագործվել որպես մթնոլորտային աղտոտիչների նստվածքների կենսամոնիտորներ, ինչպիսիք են ծանր մետաղները, ազոտը և միկրոպլաստիկը՝ գնահատելու աղտոտման կոնցենտրացիաների տարածական օրինաչափությունները և ժամանակային միտումները Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: 1990 թվականից ի վեր մամուռները նմուշառվում են հինգ տարին մեկ՝ որպես ICP Vegetation-ի մի մաս, ինչը լավ պատկերացում է տալիս այն տարածքների մասին, որոնք վտանգի տակ են գտնվում մեծ ծավալի նստեցման հետևանքով:
Ըստ աղբյուրի, թեև պլաստիկ արտադրվել է ընդամենը մոտ 70 տարի, այդ տեսակի թափոնների աճը երկրաչափական է: Առանց ողջամիտ գործողությունների՝ պլաստիկը հայտնվում է շրջակա միջավայրում՝ աղտոտելով հողը, ջրային ուղիներն ու օվկիանոսները՝ ծանր հետևանքներ ունենալով կենսաբազմազանության և մարդու առողջության վրա: Նոր տվյալները ցույց են տալիս, որ հետագա մանրացման դեպքում միկրոպլաստիկները կարող են տեղափոխվել նաև օդով:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մթնոլորտային միկրոպլաստիկները կարելի է գտնել մամուռներում:
Պլաստիկ աղտոտումը երկրների քաղաքական օրակարգում առաջնային տեղ է գրավում: Միկրոպլաստիկի վերաբերյալ մամուռի հետազոտության արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են գլոբալ գործիքի միջոցով պլաստիկից աղտոտվածության նվազեցման կարևորությունն ու հրատապությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան