Հրանտ Բագրատյանի գործով վկա ոստիկանը մանրամասները չի հիշում
Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր կայացավ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի քննությունը:
Հրանտ Բագրատյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է այս տարվա ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում Հրանտ Բագրատյանի ունեցած ելույթում արած հայտարարությունները։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվում են վկաները։ Հանրահավաքի օրը ծառայություն իրականացրած ոստիկան Հենրիկ Պետրոսյանն ասաց, բավականին ժամանակ է անցել, մանրամասները, մեծ մասը չի հիշում։
«Հիշում եմ, որ Ազգային ժողովի դիմաց հերթական միտինգ էր, ընդդիմադիր գործիչները ելույթ էին ունենում, հայտարարություններ ունենում... Այդքանը, մեծ հաշվով, մանրամասները չեմ հիշում, ծառայության մեջ եմ եղել, ուշադրություն չեմ դարձրել»,- պատմեց վկան։
Հանրային մեղադրողն ասաց. «Իր խոսքում ականատես վկան, ով ոստիկանության աշխատակից է, ասաց, որ բոլոր հավաքներից հետո հնարավոր է բռնություն։ Իմ մոտ հարց է առաջանում՝ եթե երեխաների պաշտանությանն ուղղված ակցիա լիներ, նույն հավանակությունը կլինե՞ր բռնության, ինչ այն դեպքում, երբ ինչ որ մեկը քաղաքական ընդդիմադիր խոսք է ասում, նշում է՝ «զոհվում են մարդիկ, տեսեք Նիկոլ Փաշինյանի օրոք մահացության թիվը ոնց է փոխվել, պատերազմ է եղել, սով է եղել...»։ Այսինքն, այսպիսի ելույթը և ամբողջովին խաղաղ ելույթն իր հետևանքների հավականության առումով նո՞ւյնն է, թե՞ ոչ»։
Պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց. «Բացահայտ հուշում է։ Այս պահին, մեղադրանքի կողմի վկան է պարոն կապիտանը։ Ուղիղ հարցաքննություն է գնում հանրային մեղադրողի կողմից։ Ուղիղ հարցաքննության ժամանակ չեն կարող ուղղորդող հարցեր տրվեն»։
Վկան իր հերթին ասաց, որ իր խոսքում «զանգվածային անկարգություններ» նկատի ունի, ոչ թե բռնություն։
Հանրային մեղադրողը կրկնեց. «Լավ, զանգվածային անկարգություններ կարո՞ղ են լինել բոլոր ակցիաների ժամանակ, այսինքն եթե, օրինակ, երեխաների իրավունքների պատպանությանն է նվիրված...»․
«Իհարկե, շատ բարձր հավանականություն կա»,- արձագանքեց վկան։
Մեղադրական եզրակացության համաձայն.. «Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 19-րդ հասցեում գտնվող ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ, բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի համար, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր, այն է՝ խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «արա ինչի եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով», որպիսի գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյանի խափանման միջոցը փոխվեց
- ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել․ Հրանտ Բագրատյան