Բնապահպան. Հայաստանում դատական պրոցեսներով փորձում են զրպարտություն համարել կարծիք հանդիսացող մտքեր
«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում դատական պրոցեսներով փորձում են զրպարտություն համարել կարծիք հանդիսացող մտքերը, ինչն ինքնին հարված է խոսքի ազատությանը և որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ»,- ասաց իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում այս պահին տեղի է ունենում քննարկում՝ «Շահու՞յթ, թե՞ առողջ միջավայր. ի՞նչ է ընտրում պետությունը։ Ինչու՞ են հետապնդվում բնապահպանները» թեմայով ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, տարիներ առաջ նման պրակտիկա կար Ռուսաստանում, երբ ակտիվիստների դեմ քաղաքացիական հայցեր էին ներկայացվում՝ պահանջելով հերքում, տուգանք, փոխհատուցում։
«Այս ամենը վերածվեց այն ռեպրեսիաների, որոնք հիմա կան Ռուսաստանում, որտեղ մի ստատուս գրելու համար մարդուն կարող են մի քանի ամիս ազատազրկել»,-ասաց Դուլգարյանը։
Նրա գնահատմամբ, կարծիք արտահայտող մտքի հետևից դատարան գնալը հետապնդում է, նաև թիրախավորում։
«Հայաստանյան պրակիտիկայում արդեն իսկ սա գոյություն ունի։ Շատ կարևոր է այստեղ նշել, որ ընկերության նման պրակտիկան ձևավորվել է պետության կողմից մասնաբաժին ստանալուց հետո։ Այստեղ տեսնում ենք, որ կա չասեմ պետական աջակցություն, բայց կարծես ստացվում է՝ դա շեմ է հանդիսանում։ Նաև որպես բաժնետեր պետությունը կրում է պատասխանատվություն, միգուցե ամենամեծ պատասխանատվությունը»,-ասաց նա։
Բնապահպանն ընդգծեց, եթե իրենց դեմ դատական գործերը շարունակվեն, ապա իրենք դիմելու են միջազգային հանրությանը, իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներին, իսկ մինչ այդ բարձրաձայնելու են առկա խնդիրների մասին։
«Մեզ համար հստակ է մի բան, որ այստեղ միտում կա, որ կվախենան վտանգների մասին խոսել ազդակիր համայնքների բնակիչները, այն մարդիկ, որոնք կրում են հետևանքները։ Մեր մտահոգությունը դա է»,-ասաց Դուլգարյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տեղեկացրել է.
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության խմբի ակտիվներին է պատկանում, և որի բաժնետեր է հանդիսանում նաև ՀՀ Կառավարությունը, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 000 000 ՀՀ (6 մլն) դրամ (մոտ 14 000 եվրո)։ Նման գործընթացները բնորոշ են միայն ոչ ժողովրդավարական երկրներին և հասարակություններին։ Վստահ եմ՝ Ռուսաստանում ևս, ժամանակին, ազատ խոսքի և ակտիվիստների նկատմամբ ճնշումները մեկնարկել են իրավապաշտպանների նկատմամբ քաղաքացիական հայցեր ներկայացնելով, իսկ հետո և հիմա արդեն քրեական գործերով և մի քանի տարի ազատազրկմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի բնապահպանների դեմ գործերը գրանցվել են միջազգային ռեեստրներում, հաջորդիվ կդիմեն Եվրադատարան․ Վարդանյան
- Միշել Ֆորսթ. Բռնաճնշումները, որոնց բախվում են խաղաղ բնապահպան ակտիվիստները, մեծ սպառնալիք է ժողովրդավարության համար
- Թեհմինե Ենոքյան. Հայաստանի կառավարությունը, դառնալով ԶՊՄԿ-ի ու Լիդիանի բաժնետեր, ուղիղ պատասխանատվություն է կրում իմ նկատմամբ իրականացվող ճնշումների համար