Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին ադրբեջանցիներն օգտագործում են որպես պահեստ
Արցախի Հանրապետությունն ամբողջապես բռնազավթելուց հետո Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ամբողջապես հայաթափված Արցախում Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այս մասին հայտնում է ադրբեջանագետ, Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
«Ադրբեջանական «APA TV»-ն 2024 թ. մարտի 1-ին հրապարակեց մի տեսանյութ, որից հստակորեն երևում է, որ եկեղեցին օգտագործվում է որպես պահեստ՝ տարբեր իրեր, հատկապես պլաստիկ շշեր պահելու համար:
Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների թիրախում է հայտնվել նաև 1990- ական թվականներին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ: «Ադրբեջանցի» զավթիչների կողմից արձակած կրակոցների հետքերը պահպանվել են ինչպես եկեղեցու պատերին, այնպես էլ եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա:
Եկեղեցին կառուցվել է 1800 թվականին: Հարկ ենք համարում նշել, որ հայկական եկեղեցիները որպես պահեստ օգտագործելն ադրբեջանական ձեռագիր է, որին առնչվող բազմաթիվ օրինակներ կան, մասնավորապես՝ մինչև բերդաքաղաքի ազատագրումը՝ 1992 թ.։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրիկիչ եկեղեցին օգտագործվել է որպես ռազմամթերքի պահպանման պահեստ։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմից հետո օկուպացված Հադրութում՝ Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարոյի վանքը օգտագործվում է ռազմական նպատակներով։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով վարում է անհանդուրժողական և ֆաշիստական քաղաքականություն հայկական մշակութային ժառանգության նկատմաբ:
Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է»:
Եկեղեցին որպես պահեստ օտագործելը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։ Ամբողջականության սկզբունքին համաձայն պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի և թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները»,- գրում է նա։
Ադրբեջանագետ Հ. Ավանեսովն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Արցախում և Նախիջևանում իրականացվող մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է Թուրքիայի կողմից պետական մակարդակով Արևմտյան Հայաստանում իրականացվող մշակութակործան քաղաքականության շարունակությունը, ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը ստեղծվել է հենց ցեղասպան քաղաքականության արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը
- Ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը
- Ադրբեջանական վանդալների թիրախում հայտնվել է Մարտակերտ քաղաքի թանգարանը
- Քարվաճառի շրջանում Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ
- Ադրբեջանն Արցախում ոչնչացնելով հուշարձանները՝ խեղաթյուրում է Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը. Ավանեսով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին