«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել «Հայաստան» խմբակցության և Կարեն Անդրեասյանի միջև փակ հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի փակ հանդիպումից։ Մասնավորապես՝ հանդիպման բուն թեման եղել է ԲԴԽ-ի կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը։ Խոսքը՝ «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ դատական դեպարտամենտը, մեղադրում է առանձին դատավորների և փաստաբանների՝ նախկին նախագահների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար: Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար:
«Հայաստան» խմբակցությունը բացատրություն է ուզել Կարեն Անդրեասյանից, իսկ վերջինս էլ դատական դեպարտամենտի պաշտոնական պարզաբանում է տվել, թե՝ ճնշվող դատավորի վրա ավելի շատ կարող են ազդել տարբեր քաղաքական շրջանակները կամ դրանց կողմից պարբերաբար իրականացվող լրատվական արշավները, քան բաց տվյալների օբյեկտիվ և լիովին օրինական մատուցումը: Անկախ որոշ հարձակումներից՝ դատական դեպարտամենտը չի պարտակելու ոչ մի կարևոր տեղեկատվություն և նորացված մեթոդներով իրականացնելու է անհրաժեշտ հանրային իրազեկումները: Ի պատասխան Անդրեասյանի այս պարզաբանումներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հարձակողական հարցեր են տվել և պատասխաններ են ստացել, որ, միգուցե հանրությանը փորձեց խաբել, բայց իրենց չի խաբի, ու դա հատուկ կազմակերպված տեսանյութ է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։