Ռուսները չե՞ն կարողանում Արցախի երեք նախագահներին հետ բերել. Սասուն Միքայելյան
«Երկրապահն իր գործն է անում, 44-օրյա պատերազմից մինչ օրս «Երկրապահը» մեր պետական սահմաններ է պահում։ Մենք մեր գործն ենք անում, ինչ սկսել է սպարապետը, մենք շարունակում ենք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նշեց, որ սպարապետի ժամանակ կարողացել են ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որը մեր հակառակորդի ձեռքում էր։
«Այսօրվա այս ծանր վիճակում՝ թե արտաքին քաղաքական, թե խոշոր տերությունների վերադասավարումներ, պետք է մի քիչ խելոք լինենք, համախմված լինենք, հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք»,-ասաց Միքայելյանը։
Հարցին՝ ի՞նչ է նշանակում խելոք լինել, ի՞նչ է ենթադրում, թշնամու կրակոցին չպատասխանե՞լ, նա պատասխանեց. «Թշնամու կրակոցի հետ դուք գործ չունեք, թշնամու դեմ կանգնած է մեր բանակը, «Երկրապահը», տարբեր կառույցներ: Պետք չի տեղին-անտեղին ապատեղեկատվություն տարածել, ամեն մեկը մի բան խոսի, պետք է համախմբված լինենք»:
Անդրադառնալով Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին, Սասուն Միքայելյանն ասաց. «Արդեն 3-4 տարի է, «Երկրապահը» Ներքին Հանդում է, ուղղակի չեմ ուզեցել, որ ամեն ինչ էսպես տարածվի: Մեծ թվաքանակով կանգնած է «Երկրապահը» Հայաստանի պաշտպանական գծի ողջ գրեթե երկարությամբ: Կրակոց լինելում է, մենք էլ պատասխանում ենք»:
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները Ներքին Հանդում տեղի ունեցածից հետո հաղորդագրություն տարածեցին՝ նշելով, որ կհետաքննեն և կպատժվեն բոլոր նրանք, որոնք խախտել են սադրանքների չգնալու հրամանը, ԵԿՄ նախագահն ասաց. «Դա ասվել է ընդհանուր արտաքին քաղաքականության համար, բայց այդ տղուն բռնե՞լ են: Այդ տղան իմ հետ միասին հետ ենք եկել Հանդից:
Հարցին՝ ԱԱԾ-ն հայտարարել է, որ որպես բարի կամքի դրսևորում վերադարձնելու են ադրբեջանցի զինծառայողին, որը զինված ներխուժել էր Հայաստանի սուվերեն տարածք և գերի ընկել, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք էլ այնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն է: ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում։
Ամեն ինչի մեջ քթներդ մտցնում եք, ժողովուրդ»:
Հարցին՝ իր խոսքում ասաց՝ սպարապետի ժամանակ կարողացել են ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, այդ մասով խոսե՞լ է Փաշինյանի հետ, ով համարեց, որ դա Ադրբեջանի տարածք է, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Մենք պետք է մի քիչ խելոք լինենք։ Այն ժամանակ հնարավորություն եղավ, համախմված էինք, ազատագրեցինք։ Այսօր ես էլ եմ մեղավո՞ր հետ տալու պահով, թե՞ նախորդ պետական այրերեն են մեղավոր։
Մեր երեք նախագահը գերեվարված են, ՊԲ նախկին հրամանատարը ու էլի մարդիկ։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք էլի։ Այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էինք ռուսներին։ Ռուսները չե՞ն կարողանում այդ մարդկանց բերել Հայաստան։
Միշտ ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք։ Ես իմ տեսանկյունից եմ խոսում՝ որպես Սասուն Միքայելյան։ Պատերազմից հետո, մենք լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ Նարկոզ տվել են, 6 տարի մեզ փրթում են ռուսները։
Ասում եք՝ Ղարաբաղն այս կարգավիճակում է։ Իմ հույսը երբեք չեմ կտրել, ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի։ 90-ականներին էլ չէինք պատկերացնում... Սպարապետը կարողացավ մեզ համախմբել ու կարողացանք ազատագրել այդ տարածքները։
Այս ամբողջ պայքարը գնում է միջանցքի համար, որ չպետք է տանք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան