«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան
«Մոռանում եք, որ մենք պատերազմում պարտվել ենք։ Դա փաստ է։ Դրա համար էլ այդ տարածքներն անցան հակառակորդի վերահսկոության տակ։ Եթե ձեր ներսում արձանագրեք, որ մենք պարվել ենք, շատ հարցեր դուրս կգան»,- լրագրողներին ասաց ՀՀ զինվորական նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ով սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Իսկ թե ինչո՞ւ հայկական կողմը պարտվեց պատերազմում, նա պատասխանեց. «Երբ որ պատերազմում պարտվում են, շատ հարցեր հետո այլ կերպ է լուծվում։ Մենք էլ 30 տարուց ավելի հաղթող կողմ ենք եղել։ Հիշեք՝ այն ժամանակ հակառակորդը մեր հետ ոնց էր շփվում, մեզ ինչպես էր վերաբերվում, ով էր թելադրում իրավիճակը։ Հաղթող կողմը թելադրում է։
Ինչո՞ւ ենք պարտվել, որովհետև 30 տարի մենք մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցինք, չզինեցինք ժամանակակից զենքով, տեխնիկայով, հակաօդային պաշտպանության միջոցները հին էին, անօդաչուների վրա ուշադրություն չդարձեցինք։ Մեզ թվում էր, թե մեզ ինչ-որ մեկը պետք է պաշտպանի, Ադրբեջանը մեզ հետ չի կռվի։ Պարզվեց, որ այդ բոլոր երաշխիքները, որոնք կային, սուտ էին։ Մեր բանակի՝ Կովկասում ամենահզոր, ամենաուժեղ բանակը լինելու մասին գնահատականները, որոնք ճիշտ էին 1994, 1996-97 թվականները, հետագայում այդ բանակի վրա համապատախան ուշադրություն չի դարձրել երկրի ղեկավարությունը։
Ոչ միայն զենքի մասին է խոսքը, նաև մարտավարությունը։ Մեր մարտավարությունը հին է եղել։ Սովետական, ռուսական բանակի մարտավարություն է։ Այդ նույն մարտավարությամբ ռուսական բանակը Ուկրաինայում պարտվեց։ Հիմա նոր անցել են արևմտյան ստանդարտներին, փոքր խմբերով են գրոհում, այլ ձև են գրոհը կազմակերպում, պաշտպանությունը»։
Ջհանգիրյանը նաև ասաց, որ երբեք որևէ միջազգային կառույց, ՄԱԿ-ի որևէ բանաձև, չի ասել, որ Արցախն անկախ է։
«Կյանքում ոչ մի բան վերջնական չէ։ Մենք էլ 30 տարի տիրապետում էինք ազատագրված տարածքներին, մտածում էինք՝ այդպես էլ միշտ մնալու է։ Կյանքը փոխվում է, իրավիճակները փոխվում են, միջազգային հարաբերությունները փոխվում են։ Հուսանք՝ կունենանք ուժեղ, կազմակերպված բանակ՝ զինված ժամանակակից զենքով, նոր մարտավարությամբ, հարմար պահի մենք կկարողանանք վերադարձնել մեր հայկական տարածքները»,- նշեց նա։
Հարցին՝ «հոկտեմբերի 27-ի» իրական մեղավորները պատժվա՞ծ են, Ջհանգիրյանը պատասխանեց. «Իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը, հիմա նախաքննությունը վերսկսվել է, համբերենք։ Հիմա, կարծում եմ, մեր բոլոր պետական, օպերատիվ, հետախուզական, քննչական, դատախազական մարմինները շահագրգիռ են այդ հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու համար։ Հուսանք, ամեն ինչ կպարզվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան