ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը գաղտնիք է պարունակում. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
«Հայաստանի սահմաններին ներկա դրությամբ զորքերի կուտակումներ չկան, Հայաստանի զինված ուժերը բոլոր միջոցներով ուշի-ուշով հետևում են հակառակորդի շարժերին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
Նա նշեց, որ օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն:
«Ինչ վերաբերում է նրան, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծն իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որը և հակառակորդի, և մեր կողմից դիրքեր են տեղադրված, և եթե հակառակորդ ունի 20 դիրք, ապա երևի այդքան էլ մեր կողմից կան, քանակը չբացազատեմ: Հայաստանի զինված ուժերը զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրված խնդիրները»,-ասաց Է. Ասրյանը:
Հարցին՝ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանիցները հետ չեն շպրտվում, նույն իրավիճակը Գեղարքունիքում է, Ջերմուկում է, նա պատասխանց. «Այդ հարցը, որ դուք ներկայացնում եք, այստեղ դրա պատասխանը հնչեցնելու իրավունք չունեմ, դա իր մեջ պարունակում է գաղտնիություն։ Հարցադրումը, եթե կատարեք մամուլի քարտուղարի միջոցով, կպատասխանեմ»։
Ինչ վերաբերում է հարցին՝ ՌԴ-ից զենքի մատակարարման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան և արդյոք ճիշտ է, որ պատերազմից հետո Ռուսաստանը զենքի մատակարարման իր պարտավորությունները չի կատարում, նա ասաց. «Այս հարցը պարունակում է գաղտնիություն։ Հարցը կտաք մամուլի քարտուղարի միջոցով, ես կպատասխանեմ:
Ես որպես զինվորական մարդ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ես իրավունք չունեմ այս միջավայրում ձեր հարցին պատասխանելու»։
ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերին ի պաստախան Է. Ասրյանն ասաց. «Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը նույնպես գաղտնիք է պարունակում»։
Նա նաև հայտարարեց, որ Ներքին հանդի ուղղությամբ հետաքննությունը դեռևս իր ավարտին չի հասել, ավարտի դեպքում այդ մասին կհայտարարի։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսները չե՞ն կարողանում Արցախի երեք նախագահներին հետ բերել. Սասուն Միքայելյան
- Հարգանքի տուրք է մատուցվել Վազգեն Սարգսյանի հիշատակին
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
- ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում. Սիմոնյան
- Եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին
- Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան