Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Կահիրեում հանդիպել են Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ՀՀ շարունակական ջանքերին՝ իր եգիպտացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ արտահայտված շահագրգռվածությունը և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով գործընթացն առաջ տանելու քաղաքական կամքը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան