Տիգրան Ավինյանի կողմից լրագրող Դավիթ Սարգսյանին դատի տալը հայտնվել է ԵԽ ուշադրության կենտրոնում
Եվրոպայի խորհրդի պլատֆորմի գործընկեր կազմակերպություններն այսօր հրապարակել են 2024 թվականի տարեկան նոր զեկույցը Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության վերաբերյալ, որի նպատակն է նպաստել ԶԼՄ պաշտպանությանն ու լրագրողների անվտանգության ապահովմանը։
ԵԽ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ զեկույցում Հայաստանի անունը հիշատակվում է մի քանի համատեքստում՝ ԶԼՄ-ներին ու լրագրողներին դատական գործընթացներով ճնշելը, Պեգասուսի միջոցով գաղտնալսելը, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակող օրենսդրության ընդունումը և այլն։
ԵԽ պլատֆորմի գործընկեր կազմակերպությունները զեկույցում ընդգծում են, որ շատ երկրներում շարունակվում են ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ ճնշումները դատական գործընթացների միջոցով։
Այստեղ հիշատակվում է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, նախկին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացնելը, ինչի հետևանքով դատարանը որոշում էր կայացրել սառեցնել թե Դավիթ Սարգսյանի անձնական հաշիվներում եղած գումարը՝ 9 մլն դրամի չափով, թե նրա գործատուի՝ 168.am-ի։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը դատի է տվել Դավիթ Սարգսյանին նրա պատրաստած «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութի համար։
Ավինյանը դիմել էր նաև հայցի ապահովման միջոց կիրառելու հարցով։
«Հայցի ապահովման միջոցի՝ դատարանի բավարարած չափը 9 մլն դրամ է, այդքանի չափով արգելանք է դրվել իմ բնակարանի և աշխատավարձային հաշվեհամարիս վրա»,- գրել էր Դավիթ Սարգսյանը։
ԴԱՀԿ-ից ծանուցում էր ստացել նաև 168.am-ը․ «Պարզվեց՝ գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով բավարարել է ոչ միայն իմ դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունը, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամի կալանք դնելու միջնորդությունը։ Հաշվի առնելով, որ դատաքննությունը տարիներ է ձգվելու, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողին, լրատվամիջոցն ու ազատ մամուլը ճնշելու, լռեցնելու և սանձահարելու փորձ»,- նշել էր Դավիթ Սարգսյանը։
Ավելի ուշ՝ անցած տարվա մայիսին Տիգրան Ավինյանը դիմել է դատարան լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու միջնորդությամբ։
Փաստաբան Հարություն Հարությունյանը նշել էր, որ Տիգրան Ավինյանը որևէ լրատվամիջոցի սնանկացնելու կամ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունի։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրող Դավիթ Սարգսյանի փաստաբանը դեռևս չի ստացել Ավինյանի հայցադիմումը
- Դավիթ Սարգսյան. Ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշում է իրականացվում
- Լրագրող Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան