Ովքեր են եղել հնդիկ միլիարդատիրոջ որդու նախահարսանեկան խնջույքի հյուրերը, ինչ են կերել ու ինչ են հագել
Սոցիալական ցանցերը հեղեղված են աշխարհի ամենահայտնի մարդկանց լուսանկարներով, որոնք մասնակցել են Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան շքեղ միջոցառմանը։
Միջազգային մամուլի փոխանցմամբ, Մուկեշ Ամբանին հյուրընկալել է 1200 հայտնի մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից իր որդու՝ Անանտի նախաամուսնական միջոցառման ընթացքում։ Այն տևել է երեք օր։
Անանտի և նրա հարսանցուի՝ Ռադհիկա Մերչանտի հարսանիքը նախատեսված է այս տարվա հուլիսին։
Խնջույքի մասնակիցները կրել են հնդկական մոտիվներով շքեղ զգեստներ։ Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը կնոջ հետ, ինչպես նաև Ուոլ Սթրիթի, Սիլիկոնային հովտի հայտնի դեմքեր, նախկին պաշտոնյաներ։
Նախահարսանեկան արարողությանը ելույթ է ունեցել նաև Ռիհանան, ինչից հետո տեսանյութերի, լուսանկարների ներբեռնումը հանգեցրել է Հնդկաստանի որոշ նահագներում համացանցի խափանումներին։
Հնդկաստանի բնակիչներն ապշած են եղել տոնակատարության ճոխություններից։ Միջոցառումն անցկացվել է մանգոյի հսկա այգում։ Հյուրերին առաջարկել են հագնել փայլփլուն, հնդկական մոտիվներով զգեստներ։ Նրանց առաջարկվել են դիմահարդարման, վարսահարդարման ծառայություններ, չարտերային թռիչքներ դեպի Նյու Դելի և Մումբա։
Գալա ընթրիքի ժամանակ մատուցվել է 2500 ուտեստ, որոնք պատրաստել են 65 խոհարարներ։
Փեսացուի հայրը՝ 67-ամյա Մուկեշ Դիրուբհայ Ամբանին միլիարդատեր գործարար է։ Նա Reliance Industries-ի նախագահն ու գործադիր տնօրենն է, որը Հնդկաստանի շուկայական արժեքով ամենաթանկ ընկերությունն է: Forbes-ի տվյալներով՝ 2024 թվականի մարտի դրությամբ, նրա կարողությունը գնահատվում է 117,8 միլիարդ դոլար, նա Ասիայի ամենահարուստ մարդն է և 9-րդը՝ աշխարհում։