Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանից 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր մակարդակի. Արմեն Գրիգորյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումը երկար ժամանակ հայտնում ենք։ Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը ճանաչի իր պատասխանատվության սահմանը, այն է՝ Հայաստանի ճանաչված 29 800 քկմ տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում։
Դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հիմա էլ հստակ չէ, Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից հատված, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Մենք ինչպե՞ս ենք իմանում, որ Ադրբեջանն օկուպացրել է ձեր նշած տարածքը, որովհետև սահման գոյություն ունի: Ալմաթիի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև ադմինիստրատիվ սահմանը, որը գոյություն է ունեցել ԽՍՀՄ շրջանում, անկախություն հռչակելուց հետո դարձել է միջպետական սահման: Այդ սահմանը գոյություն ունի, մենք պետք է գնանք, վերարտադրենք այդ սահմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՀԱՊԿ-ը միանշանակ պետք է հասցեագրի այս հարցը»:
Ըստ նրա, ՌԴ-ն որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը. «Կասեի՝ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ ՌԴ-ն, որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքրոշումները Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը»։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը քննարկում է առաջիկայում Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալու հարցը, ԱԽ քարտուղարն ասաց. «Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, օրակարգում տարբեր հարցեր կան, մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղություններն ու հարցերը քննարկել։
Բոլոր հարցերը մեր սեղանին են ու քննարկում ենք»։
Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, նա ասաց. «Այս պահին Հայաստանն իրականացնում է դիֆերսիֆիկացիայի քաղաքականություն։
Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանի հետ, օրինակ, 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր մակարդակի։ Սա նշանակում է, որ Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն և գործընկերներ է ձեռքբերում ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Ասիայում, Հնդկաստանում և այլ տեղերում։
Եվ տնտեսական, և անվտանգային առումով դիվերսիֆիկացնում ենք մեր քաղաքականությունը։ Միայն հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը Էմիրաթների հետ հասել է 16 տոկոսի, անցած հունվարի եղել է 4 տոկոս։
Սա նշանակում է, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել՝ Հայաստանն իրականացնում է տնտեսության, քաղաքականության, անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի քաղաքականություն։
Հայաստանը ոչ մի տեղ չի գնում։ Հայաստանը նաև տարածաշրջանացման քաղաքականություն է վարում։ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ, հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Սա է մեր օրակարգը»։
Նա նաև նշեց. «Մենք առնվազն մինչև 2021 թվականի դեկտեմբեր մեր անվտանգության բոլոր երաշխիքները փոխկապակցել ենք ՌԴ հետ, նույնիսկ կարելի է ասել 96-100 տոկոս և ունեցել ենք Ադրբեջանի առնվազն երեք լայնածավալ հարձակում և ՀՀ տարածքի օկուպացիա, բազմաթիվ այլ խնդիրներ։
Հիմա այս խնդիրների պայմաններում Հայաստա՞նն է մեղավոր, որ Հայաստանի վրա հարձակվել են։ Միանշանակ ոչ։ Հայաստանին պարզապես իր դաշնակիցները չեն օգնել, երբ որ անվտանգության սպառնալիքի առաջ է կանգնել։ Հայաստանը, հաշվի առնելով սա՝ սկսել է դիվերսիֆիկացնել և անվտանգության նոր երաշխիքներ փնտրել»։
Հարցին՝ տալի՞ս են այդ երաշխքիները, նա պատասխանեց. «Ոչ մեկ ոչ մեկին երաշխիքներ չի տալիս։ Երաշխիքը չպատկերացնենք, որ ինչ-որ մի երկիր գալիս ու ասում է՝ դու այլևս անվտանգ ես։ Նման բան չի լինելու, նման բան չկա աշխարհում։
Մեր ակնկալիքն է ունենալ դիվերսիֆիկացված տնտեսության, անվտանգություն»։
Ա. Գրիգորյանը նաև նշեց, որ ՌԴ-ն միայն Հայաստանին չի վատ վերաբերվում. «Եթե մեկ հոգի շատերի կամ բոլորի հետ վատ է, ոչ թե շատերի մեջ պետք է այդ մեղավորությունը փնտրել, այլ մեկ հոգու մեջ»։
Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ են մեղադրում Հայաստանում, նա պատասխանեց. «Ենթադրում եմ, որ մեր ժողովուրդը որոշել է իր ազատ, արդար ընտրություններով իշխանություն ձևավորել»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյան. Հայաստանը Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու դիրքորոշման մասին
- Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ. Արծվիկ Մինասյան
- ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը գաղտնիք է պարունակում. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
- ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում. Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան