Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է
«Հետք»-ը գրում է․
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այդ մասին հայտնում են մեր աղբյուրները: Վարույթը նախաձեռնվել է «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» հոդվածի հիման վրա:
Տեղեկացել ենք նաև, որ նշանակվել է երկու փորձաքննություն: Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնից փոխանցում են, որ հարցաքննվող անձանց մասով տեղեկատվություն չեն տրամադրում, ինչպես նաև չեն կարող մանրամասներ հայտնել փորձաքննությունների վերաբերյալ՝ նախաքննության շահերից ելնելով:
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետքի» հոդվածի հիման վրա
Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:
Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար:
Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:
Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը: Նա առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազ. դրամ և հաղթող ճանաչվել: Դրանից հետո համայնքից գնված հողի սեփականատեր է դարձել Դիանա Գասպարյանի ամուսնու մայրը:
Շահեն Շահինյանը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: