Դոլարի փոխարժեքի տատանման հետևանքով ՏՏ-ից բացի տուժել է մեր տնտեսության ընդհանուր արտահանելի հատվածը. Կառլեն Խաչատրյան
ՏՏ ոլորտի մասնագետներն ահազանգում են, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի ընկերությունները սկսում են դուրս գալ մեր շուկայից՝ տեղափոխվելով իրենց գործունեության համար ավելի բարենպաստ երկրներ։ 2023 թվականին արդեն 30%-ով նվազել է դեպի Հայաստան ՌԴ-ից բիզնեսի նպատակով կատարվող դրամային փոխանցումները։
Ինչ քայլեր պետք է անի կառավարությունը, որպեսզի Հայաստան եկած ռուսական կապիտալը գեներացնի, իսկ ռելոկանտ ընկերությունները չհեռանան։ Վերոնշյալ հարցերը պարզաբանելու խնդրանքով Panorama.am-ը դիմեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն խաչատրյանին։
Կ. Խաչատրյան-Ռուս-ուկրաինական հակամարտությունն արդեն երկու տարի է ինչ մեր տնտեսությանը որոշակի դրական ազդակներ էր հաղորդում։ Եթե առաջին կարճաժամկետ շոկային իրավիճակը գնահատենք, ապա փաստացի նույն ռուսական բիզնեսները, փորձում էին այլընտրանքայի շուկաներ, ռելոկացիայի տարածքներ որոնել։ Այդ իմաստով Հայաստանը շահեկան դիրքեր գրավեց և այդ շոկային իրավիճակում, թե՛ ռուսական ՏՏ ոլորտի, թե՛ արտահնամամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունները բավարար ժամանակ չունեին երկար ուսումնասիրելու, ծան ու թեթև անելու համար և, ի վերջո, հասկանալու՝ Հայաստան է պետք տեղափոխվել, թե Դուբայ կամ ԱՄՆ։
Այս ֆոնին տարածաշրջանին մոտ լինելը, որոշակի այլ հանգամանքներ հաշվի առնելով, որոշեցին տեղափոխվել Հայաստան, բայց երբ որ ավելի երկար ժամանակահատվածում ենք դիտարկում, արդեն տարբեր խնդիրները՝ սկսած տնտեսությունում նկատվող ոչ այնքան դրական միտումներից, նկատի ունեմ թե՛ ինֆլացիոն երևույթները, թե՛ կյանքի գնի, թե՛ սպասարկման ոլորտի, թե՛ հյուրանոցային ծառայությունների և անշարժ գույքի շուկայում այդ թանկությունը օբյեկտիվորեն սկսում են մտածելու տեղիք տալ և մարդիկ այլընտրանքային շուկաներ են սկսում որոնել՝ որպես այդպիսիք դիտարկելով Արաբական Միացյալ Էմիրությունները, որոշները՝ եվրոպական երկրները ՝ Գերմանիան, նաև Իսրայելը, եթե օվկիանոսից այն կողմ նայենք՝ ԱՄՆ-ը և Կանադան։
Այսինքը, ըստ էության մենք կարճաժամկետում որոշակի շահեկան դիրքում հայտնվեցինք, բայց այդ մեծ հոսքը չկարաղացանք լիարժեքորեն պահել երկրի ներսում։ Նաև այն ֆինանսական միջոցները, որոնք հոսում էին դեպի Հայաստանի տնտեսություն, կարողանայինք կապիտալացնել։ Դրանք արագ փողեր էին, որոնք կարճաժամկետում իրապես տնտեսությունը զարգացրեցին՝ նրա ակտիվությունը բարձրացավ, ներմուծման-արտահանման ցուցանիշներն էականորեն լավացան։ Բայց մենք, ցավոք, ոչ ֆիսկալ՝ կառավարության ծրագրեր կարող են լինել, որոշ ոլորտներում՝ վերահսկողական մեխանիզմներ կարող էինք կիրառվել, որպեսզի այդ կապիտալը Հայաստանում մի կողմից իրեն ապահով զգար, մյուս կողմից էլ չդիտարկեր այլընտրանքային շուկաներ տեղափոխվելու հնարավորությունը։
Panorama.am-Հայաստանից ՏՏ ոլորտի ընկերությունները տեղափոխվում են նաև հետխորհրդային երկրներ, որտեղ հարկային դաշտն ավելի լավ է, օրինակ՝ Վրաստան, Ուզբեկստան։ Կառավարությունը բավարար աջակցող քաղաքականություն չի՞ վարում։
Կ. Խաչատրյան-ՏՏ ոլորտի հիմնական խնդիրն առավելապես պայմանավորված է դոլարի փոխարժեքով, հետո նոր հարկային դաշտում տեղի ունեցող խնդիրներով։ Նույն հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները վերջին տարիրներին անընդհատ դժգոհում են, ու եթե նայենք շահութաբերությանը, հասույթների ծավալները և այլ ցուցանիշները, ապա կտեսնենք, որ այնտեղ հիմնական խնդիրը պայմանավորված է դոլարի փոխարժեքի նվազմամբ, որովհետև մինչև ռուս-ուկրաինական պատերազմը դրամ-դոլար փոխարժեքը 480-490 դրամ հատվածում էր տատանվում, ապա կարճ ժամանակ անց, երբ ռելոկանտների մեծ հոսք և դոլարային մեծ մուտքեր ուղղվեցին Հայաստան, դրա պատճառով այսօր փաստացի դրամի փոխարժեքը կայունացել է 380 դրամի սահմաններում և սա չի կարող չազդել ոլորտի եկամուտների վրա, որովհետև դրա մուտքային մասը դոլարային է իսկ ծախսերի մեծ մասը՝ դրամային և այս իմաստով ՏՏ ընկերություններն ունենում են շահութաբերության էական նվազում։
Այս պայմաններում, եթե սրան գումարենք նաև տնտեսությունում տեղի ունեցող գնաճային երևույթները, ապա կտեսնենք, որ ՏՏ ոլորտի և առհասարակ արտահանման ոլորտի ներկայացուցիչների համար ոչ այդքան բարենապաստ միջավայր է ձևավորվում։ Պետությունը մի քանի անգամ փորձեց՝ նախորդ տարի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի համար եկամտահարկի հետվերադարձ ապահովեց ոլորտին, նաև որոշակի այլ ծրագրեր է անում։ Բայց այդ ծրագերը չեն կարող լիարժեքորեն ոլորտի կենսունակությունն ապահովել։
Մենք պետք է այստեղ ավելի արտադրողական, կամ բարձր մակարդակի ՏՏ ծառայություններ կարողնանք մատուցել համաշխարհային տնտեսությանը, որպեսզի միջին արժեքը մեր մատուցած ծառայության՝ գրած կոդի կամ ծրագրի, ավելի բարձր լինի, որ կարողնանք եղած ցածր փոխարժեքի պայմաններում ընկերությունների կենսունակությունն ապահովել։ Մյուս տարբերակն է, որ կրկին դոլարի փոխարժեքը բարձրանա, որպեսզի ոլորտն էլի գրավիչ դառնա։ Երկրորդի մասով որևէ նախանշաններ չկա, իսկ առաջինի մասով նաև լուջ ժամանակային լագ է այստեղ պետք՝ կրթվելու, որոշակի ավելի մեծ պոտենցիալ ձեռք բերելու համար, որն էլի խնդրահարույց է, դա է պատճառը, որ ոլորտն այսօր ոչ շահեկան վիճակում է գտնվում նաև աճի տեմպերն էլ էապես դանդաղել են։
Դեռևս 2016-17 թվականից մեր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարվեց և սկսնակ ՏՏ ընկերությունների համար, որոնք մինչև 30 աշխատակից ունեին, հավաստագրում էր անում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և այդ հավաստագրերի վրա հարկային արտոնություններ էր տրվում 5 տարի ժամկետով, որը ենթադրում էր շահութահարկի 0 % դրույքաչափ և այդ ոլորտի աշխատակիցների համար էլ եկամտային հարկը 10%-էր։
Սա իրականում էական խթան էր ոլորտի զարգացման համար ու նաև եթե վիճակագրությունն էլ ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ այդ ժամանակահատվածում էապես շատացան նոր բացված ՏՏ ընկերությունները, որոնք իրականում ստեղծվում էին հիմք ընդունելով հարկային բարենպաստ միջավայրը և փորձում էին իրենց աշխատանքն առավելապես արտերկրի հետ կազմակերպել, Այդ դեպքում նաև ավելացված արժեքի հարկ չէին վճարում, շահութահարկը 0%-էր, աշխատողների համար էլ եկամտահարկը 10% էր, ժողովրդի լեզվով ասած՝ էլ ինչր էր պետք երջանիկ լինելու համար, բայց հիմա արդեն այս վիճակը և դոլարի փոխարժեքի տատանումը գրավիչ չի դրաձնում ոլորտը։
Panorama.am-Ի՞նչ եք կարծում, այս հոսքը կանգնեցնելու համար արդյոք պետք է կառավարությունը հարկային բարեփոխումների գնա։
Կ. Խաչատրյան-Բնական է, որ կառավարությունը կարող է դիտարկել ոլորտին հավելյալ հարկային արտոնություններ տալու հարցը, բայց իմ խորին համոզմամբ, մենք բավարար ուշադրույթուն չենք ցուցաբերում մեր մյուս արտահանելի հատվածներին։ Չգիտես ինչու, կենտրոնացել ենք ՏՏ ոլորտի վրա, որը, ճիշտ է, կարևոր է, կառավարության գերակա ոլորտներից մեկն է, բայց մյուս կողմից էլ պետք է գիտակցենք, որ նույն դոլարի փոխարժեքի տատանումից նաև մոտ 1.5 տարի է տուժել է ընդհանուր արտահանելի հատվածը՝ կոնյակագործությունը, մշակող սննդի արդյունաբերությունը և այլ ոլորտները, որոնք փաստացի արտահանման իրական հատվածի մաս են կազմում։
Իմ խորին համոզմամբ կառավարությունը նաև այս ոլորտների մրցունակության ապահովմանը միտված ծրագրեր պետք է անի և ոչ միայն ՏՏ ոլորտի։ Որովհետև եթե մենք սկսենք համեմատականներ անցկացնել, ապա միջին աշխատավարձը ՏՏ ոլորտում 500-600 հազար դրամ է, իսկ իմ հիշատակած մշակող արդյունաբերության ճյուղերում 200-250 հազար դրամ է, և, բանականաբար, այնտեղ սոցիալական խնդիրներեն շատ ավելի սուր են արտահայտված, քան ՏՏ ոլորտում զբաղված մարդկանց պարագայում։ Հետևաբար ,եթե կարիք կա, որ կառավարությունը որոշակի հարկային արտոնություն տա, կամ որոշակի միջոցառումների ծրագերր իրականացնի, պետք է առաջնային դիտարկի այս ոլորտը, ոչ թե միայն ՏՏ-ն։
Մանարմասները՝ տեսաձայնագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին