Ինչ է նվիրել Փաշինյանը Ալ-Ազհարի Գերագույն Իմամին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:
Կառավարությունից հայտնում են՝ Փաշինյանը կարևորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը և ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը:
Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաև այն, որ մարդիկ երբեմն այդքան էլ լավ պատկերացումներ չունեն կրոնների մասին: Այս առումով, վարչապետը կարևորել է կառավարությունների դերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի` իսլամի հետ հաղորդակցվելու երկար պատմությունը և իսլամական երկրներում հազարավոր հայերի ապաստան գտնելու փաստը:
Նիկոլ Փաշինյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը:
Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը շնորհակալություն է հայտնել արժեքավոր նվերի համար և կարևորել հանդուրժողականության ու խաղաղության ամրապնդումը նաև կրոնների միջոցով: Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Մատենադարանում պահվող արաբատառ ձեռագրերի ցուցահանդես` հավելելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են նաև հասարակությունների միջև խաղաղ գոյակցության հաստատմանն ու ամրապնդմանը: