Մարտունեցիները ճանապարհ են փակել
Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական մայրուղու Զոլաքար գյուղի հատվածը։ Նրանք ակնակալում են մարզպետի արձագանքն իր դժգոհության։
Նրանք դժգոհ են իշխանություններից, քանի որ չեն կարողանում վաճառել իրենց գյուղմթերքը` կարտոֆիլը, կաղամբը. պահանջարկը փոքր է, գինը` ինքնարժեքից ցածր, իսկ կառավարությունը չի աջակցում իրենց արտադրանքը սպառելու հարցում։
Նրանք նշում են, որ տոննաներով գյուղմթերքը չի սպառվել և այսօր արդեն փչանալու վտանգի տակ է։
Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը 5 օր ժամանակ խնդրեց գյուղացիներին պատասխան տալու համար։
Դրանից հետո ցուցարարները բացեցին ճանապարհը:
Մարտունու ավագանու «Ալաշկերտ» խմբակցության անդամ Հակոբ Բարոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ մարդիկ անորոշության մեջ են, մի կողմից չեն կարողանում իրացնել եղած ապրանքը, մյուս կողմից էլ գյուղատնտեսական աշխատանքները սկսելու ժամանակն է, ու մարդիկ չգիտեն՝ իրականացնեն, թե ոչ։
Բարոյանը նշել է, որ իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ պետությունը չի սահմանափակում կարտոֆիլի ու կաղամբի ներմուծման ծավալները. «Այսօր որոշ գործարարներ բիզնես են անում, իսկ գյուղացին ինչպես միշտ, կոտրած տաշտակի առաջ է մնում։ Միայն Զոլաքար գյուղում 700-800 կարտոֆիլ ու մոտ 1000 տոննայից ավելի կաղամբ կա, սա միայն Զոլաքարում, բայց հարևան բնակավայրերում էլ մեծ խնդիրներ կան»։
Նա նշել է, որ դրսից մեկ կիլոգրամը 50 դրամով է նորմուծվում կարտոֆիլը, մինչդեռ մեր խանութներում այնպիսի գներով է դրված, որ մեզ համար էլ անհասկանալի է. «Գյուղացին պատրաստ է շատ էժան էլ տալ, բայց սպառում, պահանջարկ առհասարակ չկա։ Մինչդեռ, 50 դրամով կարտոֆիլի ներմուծումն էլ անհասկանալի է, գյուղացին քանի՞ դրամով վաճառի, որ գոնե ինքնարժեքը դուրս գա։ Հիմա ամենաքիչը 120-130 դրամ է գյուղացու վրա նստած ինքնարժեքը, ընդ որում՝ այս տարի այնպես չէ, որ շատ բարձր է բերքատվությունը եղել, հակառակը՝ նորմայից էլ ցածր է եղել»։