ԲԿ-ի պատից հանված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը կրկին վերադարձվել է նույն տեղը
«Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը 2021 թվականից Արցախյան երրորդ պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով է կոչվել։ Այդ ժամանակվանից այդ բաժանմունքի պատերից մեկին փակցված է եղել Ալբերտի նկարով վահանակ։ Սակայն օրերս Ալբերտ Հովհաննիսյանի հայրն այցելել է բաժանմունք ու տեսել, որ վահանակը չկա։
Հերոսի ծնողները պարզել են, որ վահանակը հանված է արդեն վեց ամիս։ Երեկ առավոտյան այն կրկին փակցվել է «Երևան» բժշկագիտական կենտրոնի պատերից մեկին, սակայն ոչ նախկին տեղում։ Իսկ այսօր առավոտյան, ծնողների պահանջով, այն փակցվել է նախկին տեղում, որտեղ փակցված է եղել 2021 թվականից։
«Երևան» բժշկագիտական կենտրոնի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Հասմիկ Ղազինյանը լրագրողներին ասաց, որ պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը ցուցանակի հետ միասին տեղափոխվել է այլ հարկ, իսկ այս հարկում արդեն վեց ամիս է Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայությունն է։
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայր Մանիկ Աճեմյանն ասաց, որ այս հարկը վերանորոգվել ու բացվել է 2021 թվականին, վերանորոգումն ու ֆինանսավորումը կատարվել է, որովհետև Ալբերտ Հովհաննիսյանի անվան պետք է լիներ։
«Այս բաժանմունքում, այս հարկում բազմաթիվ զինվորները են բուժվել, տուն գնացել։ Այսինքն հարկը, բաժանմունքն իր աշխատակիցներով, ողջ խմբով մենք ընկալում ենք որպես հերոսի բաժանմունք։
Մեզ նոր տնօրենն ասաց, որ թյուրիմացություն է եղել, իրավիճակին չի տիրապետել այն ժամանակ, չի իմացել, որ անվանակոչված բաժանմունք է։ Տնօրենը մեզ առաջարկեց, որ եթե ցանկանանք, ցուցանակը մնա 2-րդ հարկում։ Մենք ասացինք ոչ. կամ ցուցանակն ու բաժանմունքը կրկին տեղափոխվում է նախկին հարկ, կամ մենք ցուցանակը կտանենք, հետո կդնենք մեր թանգարանում»,- պատմեց Մանիկ Աճեմյանը։
Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն ասաց, որ տնօրենը երկու ամիս է խնդրել, որպեսզի բաժանմունքը կրկին տեղափոխեն նախկին հարկ։
«Ես չգիտեմ, թե երեկ որ հարկում էին փակցրել, պնդեցի, որ պետք է հետ վերադառնա իր տեղը։ Այսօր առավոտյան ցուցանակը տեղադրվել է նախկին տեղում։ Տնօրենը երկու ամիս խնդրեց, որպեսզի բաժանմունքն ամբողջ կազմով հետ վերադառնա իր հարկը, քանի որ հարկը մեզ համար խորհուրդ ունի, այդ հարկում 200-ից ավելի հիվանդ զինվորներ են բուժվել։
Տնօրենը չի ասում դիտմամբ է եղել, նպատակային, ասում է թյուրիմացություն է եղել։ Ոչ մի պատճառ չունեմ այդ մարդուն չհավատալ»,- ասաց նա։
Panorama.am-ի հարցին՝ եթե ծնողները չբարձաձայնեին ցուցանակը հանելու մասին, արդյո՞ք այն կրկին կտեղադրվեր, թեկուզ ոչ նախկին տեղում, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը հեռացրել են ԲԿ-ի պատից. Զոհվածի հայր
- Ալբերտ Հովհաննիսյան․ Պատերազմի խորհրդանիշ դարձած լուսանկարի տղան այսօր կդառնար 22 տարեկան
- Սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին