Համակարգը կգործի, դեղատոմս կգրեմ, չի աշխատի, թող պացիենտը սպասի. Ուրոլոգ
«Էլեկտրոնային դեղատոմսերը շատ կարևոր բան են և պետք է լինեն, սակայն իզոլացված էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումն անարդյունավետ է լինելու»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։
Անդրադառնալով Արմեդ համակարգի, բուժհաստատությունների ու դեղատների պատրաստ չլինելու պայմաններում էլեկտրոնային դեղատոմսի կիրառման հետևանքով ի հայտ եկած դժվարությունների մասին հարցին՝ բժիշկն ընդգծեց.
«Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, այն բոլոր դժվարությունները, որոնք հանդիպում են տարբեր ոլորտներում մարդկանց մոտ, հանդիսանում են տիեզերական արդարության դրսևորում։ Յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի այն, ինչին ինքն արժանի է»։
Նրա խոսքով, մինչ էլեկտրոնային դեղատոմսի կիրառումը առողջապահության նախարարությունը պետք է վերլուծություն իրականացներ՝ պարզելու, արդյոք դեղատները, պոլիկլինիկաները, բուժհաստատությունները պատրաստ են դրան, ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ փոփոխության ներդրման արդյունքում։
«Ես որպես պրակտիկ բժիշկ կարող եմ ասել դժվարությունների չեմ հանդիպել։ Արմեդ համակարգը մեկ գործում է, մեկ չի գործում։ Ինձ համար միևնույն է, անկեղծ ասած։ Եթե համակարգը գործում է, համակարգով եմ դուրս գրում, չի գործում՝ թղթի վրա եմ դուրս գրում։ Մեր գործը բուժելն է, ոչ թե դեղերի հասանելիությունը ապահովելը։ Դեղերի հասանելության ապահովմամբ պետք է զբաղվի այն մարմինը, որը քաղաքականություն է մշակում»,-ասաց Գ. Գրիգորյանը՝ ավելացնելով, եթե իր աշխատանքային ժամին համակարգը չի աշխատի, ինքն ուղղակի դեղը դուրս չի գրի։
«Պացիենտը թող սպասի, քանի որ ընտրողներից մեկն էլ այդ պացիենտն է եղել, հետևաբար պատասխանատվությունն ամբողջությամբ պետք է կիսի ժողովուրդը։ Ես անկեղծ եմ ասում, այն, ինչ տեղի է ունենում, ես համարում եմ տիեզերական արդարություն»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. 10 հարց ու պատասխան էլեկտրոնային դեղատոմսի մասին
- Ծաղիկ Վարդանյանը՝ ԱՆ-ին. Դուք ձեր պոլիկլինիկանեից, ամբուլատորիաներից էլ չեմ ասում դեղատներից տեղյա՞կ եք
- Մարտի 1-ից ավելի քան 400 դեղեր կվաճառվեն էլեկտրոնային դեղատոմսերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան