Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները ԵՄ հետ. Միրզոյան
«Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ»,- Երևանում Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ ԵՄ հետ համատեղ փորձում են տեսնել՝ ինչ նոր գործիքներ, մեխանիզմներ կարող են ավելացվել ՀՀ-ԵՄ օրակարգում։
«Ես տեղեկացրել եմ գործընկերոջս Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերջին զարգացումների մասին: Հայաստանի դիրքորոշումը նույնն է, և Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Եվ, ինչպես գիտեք, այստեղ կան մի շարք առանցքային հարցեր, բայց թերևս ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահամանզատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա, ըստ այդմ՝ 1991 թվականի սահմանագծի. մի սկզբունք, որի շուրջ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ պայմանավորվածություն կրկին ձեռք են բերել, իրենց հավատարմությունն այս հռչակագրին վերահաստատել են, օրինակ՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում և այլուր:
Մենք կարծում ենք, որ խաղաղության հաստատումը այս սկզբունքով մեր տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի երկրների համար, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի իրենից: Հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել՝ իհարկե գիտակցելով, որ Հայաստանի ենթակառուցվածքները պետք է մնան Հայաստանի Հանրապետության և, բնականաբար Ադրբեջանինը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, գործեն երկու երկրների իրավազորության ներքո, և, իհարկե, բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա»,- ասաց Միրզոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան