«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը ՔՊ-ականներին ասել է՝ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն և ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ինչպես Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի դեպքում Հայաստանին սպասվող վտանգներն ու արտոնությունները, այնպես էլ պետության անվտանգային այլ հարցեր։ Հանդիպման սկզբում ֆինանսների փոխնախարարներից մեկը ծավալուն հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության վերաբերյալ, և գնահատել, թե ՌԴ-ից ԵՄ-ի գիրկն անցնելու արդյունքում ինչ տնտեսական ռիսկեր են մեզ սպառնում, այսինքն՝ արտաքին քաղաքականությունը «դիվերսիֆիկացնելն» ինչ հետևանքների կհանգեցնի։ Գրիգորյանն ընդունել է, որ ՀՀ-ն պորտալարով կապված է ՌԴ-ի հետ, և իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջև, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Այն հարցերին, թե Արևմուտքը պատրա՞ստ է «դիվերսիֆիկացնել» մեր խնդիրները, Գրիգորյանն ասել է, որ նման պատրաստակամություն չեն հայտնել։
Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽՔ-ը ոչ միայն կողմ չէ Հայաստանի՝ ԵՄ հայտին, այլև ճիշտ հակառակը՝ արևմտամետ պաշտոնյան դեմ է և ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ։
Ասել է նաև, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում, սակայն պնդել է, որ ՌԴ-ի դեմ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տալիս են իրենց արդյունքը:
Օրինակ, նախօրեին Լավրովը հեռախոսազանգ է արել Արարատ Միրզոյանին` «քննարկել են տարածաշրջանային հարցեր»։ Եվ դա սկսվել է իր` Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ասաց` «Զվարթնոցից» պետք է հեռացնել ռուս սահմանապահներին: Սակայն նշել է, որ Հայաստանն այս հարցում վճռական է տրամադրված և ՌԴ-ին տեղյակ է պահել պաշտոնական նամակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։